Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոտնկայս գնահատեցին Վենգերովի արվեստը (տեսանյութ)

Մշակույթ
2844f89db485ce9e462c75d2add88dc8

Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ Գրեմմիի կրկնակի մրցանակակիր, համաշխարհային հռչակ վայելող ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: Նրա ղեկավարությամբ` մեր երիտասարդ, բայց աշխարհում արդեն բարձր գնահատականի արժանացած նվագախումբը կատարեց Ռիմսկի-Կորսակովի և Սիբելիուսի ստեղծագործությունները:

Մաքսիմ Վենգերով-խմբավարի ղեկավարությամբ այսքան սպասված համերգի առաջին բաժնում Ռիմսկի-Կորսակովի Զատկի նախերգանքն ու Սիբելիուսի ջութակի կոնցերտը Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ու մենակատար Յարոսլավ Նադրզիցկիի կատարմամբ, հնչեց որպես «նախուտեստ»:

Ծափահարություններ, շնորհակալ ու գոհունակ դեմքեր ու... սպասում: Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» սիմֆոնիկ սյուիտից հետո դահլիճը պոռթկաց ծափերից, և անհամբեր սպասեց արդեն ջութակահար-Վենգերովի ելույթին, որի մասին Գրեմմի-ի մրցանակակիրը խոստացել էր երևանյան ասուլիսի ժամանակ:

Ու երբ հնչեց Իոհան Սեբաստյան Բախի աստվածային երաժշտությունը այսօրինակ վարպետի կատարմամբ, դահլիճը ցնծաց ու խոնարհվեց կատարյալի առջև:

Հայ երաժշտասերը հոտնկայս պատվեց Մաքսիմ Վենգերովի բարձր արվեստն, և որպես քաղաքացի հպարտացավ մեծ վարպետության հասած իր երիտասարդ կատարողների ելույթով:

Համերգի ավարտին, ի պատասխան տեղատարափ ծափերի, բռավոների ու բիսերի հուզական աշխարհի ասպետը հնչեցրեց կրակոտ լեզգինկան Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից:

Աշխարհի լեգենդար բեմերում ելույթներ ունեցած, համաշխարհային հռչակ ու սեր վայելող երաժիշտը անմիջական ու անկեղծ էր ոչ միայն իր հնչեցրած երաժշտական կտավներում, այլ և ջերմ գնահատականի խոսքում:

Լեփ-լեցուն դահլիճից կուլիսներ էր եկել երաժշտասերների ու երկրպագուների մի ստվար բանակ` իր հիացմունքն ու շնորհակալությունը հայտնելու ու լուսանկարվելու: