Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազերի բնապահպանչիկ
A A
Պաշտոնական

Ցանկացած ուսումնասիրութուն հաստատելու է չափորոշիչների պահպանումը․ ԱՀ բնապահպանության կոմիտեն՝ ի պատասխան Ադրբեջանի «բնապահպանների»

Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝
Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ տեղեկատավկան շտաբը։
 
ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը:
 
Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին:
 
Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին, Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով:
 
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել էին Արցախը ՀՀ-ին կապող մայրուղին: