A
A
ՀՀ առաջին նախագահն ընտրվեց ամերիկյան համակարգով. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ են ասում անցած ընտրությունները մեր մասին։ Ինչպե՞ս են փոխվել խաղի կանոնները, դերակատարները, մեթոդները։
«Ա1+»-ը սկսում է նոր «Ընտրական զուգահեռներ» շարք, որտեղ համառոտ ու փաստերով ներկայացնում ենք՝ ինչպես են ընթացել համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած 1990-ականներից մինչև մեր օրերը։
Մենք բացելու ենք արխիվները, հիշեցնելու անցյալի դրվագները, ու փորձելու հասկանալ՝ ինչ են պատմում դրանք այսօրվա մասին։
Այս շարքը հակիրճ ուղեցույց է անցումային Հայաստանի ընտրական անցյալով՝ առանց մեկնաբանության, առանց չափազանցությունների, միայն փաստերով։
--------------------------------------------------
Հայաստանի Հանրապետությունում նախագահի առաջին ընտրությունն անցկացվում
էր մի իրավիճակում, երբ երկրում չկար ո՛չ Սահմանադրություն, ո՛չ Ընտրական օրենսգիրք։
Ընտրությունը կազմակերպելու համար Գերագույն խորհուրդն ընդունեց «ՀՀ նախագահի
ընտրության մասին» օրենք։
1991-ի ընտրությունն ուներ մի շարք առանձնահատկություններ։ Նախագահի
առաջին ընտրությանն ամերիկյան համակարգի նմանությամբ, կար փոխնախագահի պաշտոն։
Քվեաթերթիկում թեկնածուների անունները նշվում էին զույգերով։ Վազգեն Մանուկյանի
ինքնաբացարկից հետո ընտրությանը մասնակցեց վեց թեկնածու։
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ փոխնախագահի թեկնածու էր Գագիկ Հարությունյանը։ Տեր-
Պետրոսյանի հաղթանակից հետո Հարությունյանը նշանակվեց վարչապետ։ Պարույր
Հայրիկյանի հետ փոխնախագահի թեկնածու էր Ազատ Արշակյանը։ ՀՅԴ նախագահի եւ
փոխնախագահի թեկնածուներ էին Սոս Սարգսյանը եւ այն ժամանակ ոչ այնքան հայտնի
Վահան Հովհաննիսյանը։ Զորի Բալայանի հետ փոխնախագահի թեկնածու էր Հարություն
Մարզպանյանը, Ռաֆայել Ղազարյանի հետ՝ Սուրեն Զոլյանը, Աշոտ Նավասարդյանի հետ՝
Հրանտ Խաչատրյանը։
1991-ին դեռ չկային անկախ հեռուստաընկերություններ, բավական ակտիվ էին
թերթերը, որ ունեին շատ մեծ տպաքանակ։ Թերթերն այդ շրջանում իրական ազդեցություն
ունեին էլեկտորատի տրամադրությունների վրա։ ԶԼՄ ներկայացուցիչների
հավատարմագրում նույնպես 1991-ին չկար։ Մեկ անգամ թեկնածուների մասնակցությամբ
բանավեճ անցկացվեց․ Սոս Սարգսյանի փոխարեն քննարկմանը մասնակցում էր
փոխնախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը, իսկ Տեր-Պետրոսյանի և Բալայանի
աթոռները դատարկ էին։ Նախընտրական հանդիպումներն էլ շատ ինտենսիվ չէին․
Հայրիկյանը հանդիպումներ անցկացրեց մի շարք բնակավայրերում, Դաշնակցության
թեկնածուն գերադասում էր ուսանողների հետ հանդիպումները։
1991-ի ընտրությունը համարվում է միակ չկեղծվածը նախագահական
ընտրությունների շարքում։ Անցկացված վեց ընտրությունից հինգի դեպքում եղել են բազում
կասկածներ, բողոքարկում, հետընտրական բուռն պրոցեսներ։ Այնինչ 1991-ի ընտրության
պաշտոնական արդյունքներով հաղթած թեկնածուն ստացել էր քվեների 83 տոկոսը՝ 1 260
433 ձայն։ Սա բացարձակ ռեկորդ է։ Հայաստանում անցկացված և ոչ մի այլ
համապետական ընտրության ժամանակ նախագահի որևէ թեկնածու կամ որևէ քաղաքական
ուժ նման արդյունք չի ունեցել։ Այդուհանդերձ, 1991-ի ընտրություններում 2-րդը
ճանաչված թեկնածուն համարում էր, որ ընտրությունը կեղծված է՝ նշելով, որ Պառավաքար
գյուղում իր ընտրարշավն իշխանությունները խոչընդոտել են բռնի մեթոդներով, ինչը ազդել
է արդյունքների վրա։ Տեր-Պետրոսյանի հաղթանակից հետո ԱԻՄ-ը Բաղրամյան
պողոտայում սև դրոշներով երթ իրականացրեց։
Առաջին նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվեց նոյեմբերի 11-
ին։ Երկիրը դեռ չուներ Սահմանադրություն ու որոշվեց իբրև խորհրդանիշ ընտրել
ավանդույթի ուժով ամրագրված որևէ սրբություն։ Ընտրությունը կանգ առավ Աստվածաշնչի
վրա՝ հաշվի առնելով, որ հայերն առաջինն են պետականորեն ընդունել քրիստոնեությունը։
Խորհրդարանի հատուկ նիստին Մատենադարանից բերվեց հայկական հնագույն
ամբողջական ձեռագիրը՝ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը։
Տեր-Պետրոսյանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն, օբյեկտիվ
պատճառներով նրան կառավարման ծանր շրջան էր սկսվում։ Երկրում սոցիալական վիճակը
վատթարանում էր․ կային Ադրբեջանից մազապուրծ փախած բազում անօթևաններ,
պատերազմն արդեն սկսվել էր, Ադրբեջանը շրջափակել էր Հայաստնի ճանապարհները,
1993-ին մեզ բլոկադայի ենթարկեց նաև Թուրքիան։ 1992-ից էներգետիկ ճգնաժամը
սկսվեց։