Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)

«Ատոմակայանի ճակատագրին ոչինչ չի սպառնում»,-այսօր հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հայկական Ատոմային էլեկտրակայան ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ պայմանագրերը հաջող ընթացքի մեջ են և հնարավորություն կտան կայանի շահագործումը երկարացնել ևս 10 տարով։  

Անդրադառնալով նոր ատոմակայանին՝  ՏԿԵ նախարարը նշեց, որ դիտարկվում է մոդուլային ատոմակայանի  կառուցման տարբերակը։ Առաջարկությունների ուսումնասիրությունը շարունակվում է․ «Ատոմակայանի մոդելի հետ կապված ընտրությունը կթողնենք 2026-27 թվականներին ու այդ ժամանակ էլ կորոշենք՝ որ երկրի հետ ենք աշխատելու»։

Խուդաթյանը կարևորում է  Հայաստանի էլեկտրահամակարգի սինխրոն միացումը հարևան երկրների համակարգերին․ «Մեզ համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը։ Դա ոչ միայն կոմերցիոն, այլև համակարգի կայունության տեսանկյունից էական նշանակություն ունի»։

Նրա խոսքով՝ տեխնիկական խոչընդոտներ չկան, իսկ մնացած հարցերի մասով ակնկալվում են զարգացումներ։

Ի դեպ,  էլեկտրաէներգիայի արտահանումները դեպի Իրան և Վրաստան շարունակվում են։

Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 9 մլրդ 721 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 5,8 տոկոսով ավել է 2024թ․ համեմատ։ Շեշտակի աճել է արևային կայանների թիվը․ այսօր գործում է ավելի քան 50 հազար փոքր կայան։

2025 թ․օրական իրականացվել է մոտ 65 մլն դրամի աշխատանք

2025 թվականի նախարարության բյուջեն կազմել է 293 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2024թ ցուցանիշը։

 «2025 թվականին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 61 միլիարդ դրամի աշխատանք, ինչն աննախադեպ ծավալ է։ Պետական բյուջեից համաֆինանսավորվել է 33,2 միլիարդ դրամ, ինչը ևս աննախադեպ է»,- ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Խուդաթյանը։

Ծրագրերը հիմնականում վերաբերել են ճանապարհաշինությանը, մանկապարտեզների և ջրագծերի կառուցմանը, ինչպես նաև համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքներին։ Նախարարը նշում է, որ առաջիկայում համաֆինանսավորման ծավալների ավելացումը նախարարության առաջնահերթություններից է։

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի կողմից 2025 թվականին կառուցվել և վերականգնվել է 504,5 կմ ճանապարհ՝ հանրապետության ողջ տարածքում։ Դրանք ներառում են միջպետական, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհներ։

Կատարվել են նաև 10 կամուրջների և 2 տրանսպորտային կամուրջների շինարարական աշխատանքներ։

Ըստ նախարարի՝ «Հյուսիս–հարավ» ծրագրի շրջանակում ավարտվել են դեպի Գյումրի տանող հատվածի շինարարական աշխատանքները, և առաջիկա օրերին կավարտվի նաև լուսավորության ցանցի անցկացումը, որից հետո ճանապարհը կհանձնվի շահագործման։

Հարավային հատվածում աշխատանքները շարունակվում են ինտենսիվ տեմպերով․ Քաջարան–Ագարակ հատվածում գրանցվել է շուրջ 40 տոկոս կատարողական։ Նախարարի խոսքով՝ սա ներկայումս Հայաստանի ամենախոշոր շինարարական ծրագիրն է, և «2025 թվականին միջին օրական իրականացվել է մոտ 65 մլն դրամի աշխատանք»։

Ընդհանուր առմամբ՝ նախարարի խոսքով՝ 2018–2026 թվականներին վերակառուցվել է շուրջ 5000 կմ միջհամայնքային ճանապարհ։   Որակը նախարարությանը բավարարում է, ինչ վերաբերում է քաղաքացիների դժգոհություններին, ապա Խուդաթյանի կարծիքով,  հիմնականում վերաբերում են դեռևս չկառուցված ճանապարհներին։

Նախարարն անդրադարձավ նաև երկաթուղային ենթակառուցվածքներին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական գործընկերների հետ։

Նրա խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ ռուսական կողմը կներգրավվի որոշ հատվածների վերականգնման աշխատանքներում, սակայն այս պահին վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա։