Բուլինգի վաղ հայտնաբերումն ու կանխումը, աջակցող միջավայրն ու հոգատար վերաբերմունքը կարող են վերականգնել երեխայի կորցրած վստահությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոգեբանական տեռորի, նվաստացումների, շանտաժի, ֆիզիկական ճնշումների շարունակաբար կիրառմամբ սեփական առավելությունն ընդգծելու ցանկությունը մասնագիտական ձևակերպմամբ բուլինգ է կոչվում. այն տարածված է հատկապես դպրոցահասակների շրջանում։
Անցած տարվա հոկտեմբերին օրենսդիրը ընդունեց «Երեխաների իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը․ առաջին անգամ տրվեց բուլինգի սահմանումը, որը բռնության տեսակ է, նաև ամրագրվեց՝ երեխայի նկատմամբ բուլինգն արգելված է։
Համայնքային ոստկանության անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանի խոսքով՝ Ոստիկանությունը օպերատիվ արձագանքում է նման դեպքերին, ձեռնարկում կանխարգելիչ քայլեր: Հատկապես վերջին շրջանում ակտիվացել են բուլինգի դեպքերի մասին բարձրաձայնելը, ինչը համակարգի նկատմամբ վստահության, հանրային ընկալման փոփոխության մասին է։
Երևանի 177 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Մանգասարյանը պատմում է, որ հազարից ավելի աշակերտ ունեցող դպրոցում եղել են բուլինգի դեպքեր, և Համայնքային ոստիկանության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում խնդիրը հարթվել է: Նա վստահեցնում է, որ համայնքային ոստիկանի պարբերաբար այցերն ու աշակերտների հետ զրույցները զգոնության ազդակ են և կանխարգելման տեսանկյունից որոշիչ նշանակություն ունեն։
Դպրոցի հոգեբան Քրիստինե Ալեքսանյանն իր պրակտիկայում բազմաթիվ նման դեպքերի է առնչվել․ ասում է՝ ոչ միայն պետք է աշխատել բուլինգի ենթարկված անչափահասի, այլ նաև բուլինգի ենթարկողի՝ բուլերի հետ։ Երեխայի լավագույն շահերը պահանջում են, որ բուլինգի մասին բարձրաձայնեն, ոչ թե թաքցնեն, հատկապես, որ օրենքը թույլ է տալիս գաղտնի պահել տուժողի անունը։
Բուլինգի վաղ հայտնաբերումն ու կանխումը, աջակցող միջավայրն ու հոգատար վերաբերմունքը կարող են վերականգնել երեխայի կորցրած վստահությունը: Պետք է հիշել, որ բուլինգի բոլոր դրսևորումները քրեորեն պատժելի են։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է բացահայտել բուլինգի ցանկացած դեպք, իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ ապահովելով առավել անվտանգ միջավայր ձեր և ձեր երեխաների համար։