Մաքսիմ Վենգերովը Երեւանում է (տեսանյութ)
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով փետրվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Մաքսիմ Վենգերովը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Համերգին կմասնակցի նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը:
Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխարհահռչակ ջութակահարն ու դիրիժորը, «Գրեմմիի» մրցանակակիրն ասաց, որ համոզված է, եթե չլիներ Խորհրդային միությունն ու նրա որդեգրած, ձևավորած մշակութային քաղաքականությունը, այսօր աշխարհում հայտնի երաժիշտներ Վադիմ Ռեպինը, Եվգենի Կիսինը, Բորիս Բերեզովսկին և շատ ուրիշներ, ինչպես նաև ինքը` Մաքսիմ Վենգերովը, չէին լինի այն, ինչ կան, չէին ունենա կատարողական այսպիսի մակարդակ:
Երաժիշտը հեռակա կարգով ծանոթ է մեր երկրի մշակույթին, աշխարհի տարբեր քաղաքներում ապրող իր հայ ընկերների միջոցով, խմբավարական արվեստն էլ ուսանել է Վահագն Պապյանի մոտ և «ինչ-որ չափով իրեն հայ է զգում»:
Հանդիպումը ստացվեց ջերմ ու ոչ պաշտոնական: Վենգերովի համոզմունքն է, որ երաժշտությունը համամարդկային շփման և փոխըմբռնման կատարյալ լեզու է: