Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mikhail Pletnev-Vladimir Fedoseev-Armenian National Philharmonic (1)
A A
Հարցազրույց Քաղաքականություն Մշակույթ

Սոլովյովը մի անգամ կանչեց իր շոուին մասնակցելու, ասացի՝ նախընտրում եմ իգական սեռի պոռնիկներին․ Միխայիլ Պլետնյով

Միխայիլ Պլետնյովը ոչ միայն փայլուն դաշնակահար է, հրաշալի դիրիժոր և կոմպոզիտոր, այլ առհասարակ ինքնատիպ արվեստագետ ու անհատ է, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների։

Ծնվել է Արխանգելսկում, 12 տարեկանում ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա։ Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների՝ այդ թվում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի և «Գրեմմի»-ի գլխավոր մրցանակակիր է։ Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ամենահայտնի նվագախմբերի հետ։ Հիմնել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն առաջին մասնավոր հիմունքներով ֆինանսավորվող նվագախումբն էր Ռուսաստանում։

Պլետնյովը Հայաստանում առաջին անգամ չի։  Դեռ խորհրդային տարիներին նվագախմբի հետ այցելել է Երևան։ 2016–ին «Երևանյան հեռանկարների» հրավերով մենահամերգով հանդես եկավ Բախի, Գրիգի և Մոցարտի ստեղծագործությունների կատարումներով։

Մեկ տարի առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով էր եկել, իսկ այսօր հանդես կգա  «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, ում 90-ամյակին և նվիրվում է համերգը։ (Ծրագրում՝ Չայկովսկու դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը)։

 Միխայիլ Պլետնյովը առանձնապես չի սիրում «շփվել» լրագրողների հետ ու հարցազրույցներ տալ, սակայն անսպասելիորեն համաձայնեց համերգի փորձից հետո «Ա1+»–ի հետ հանդիպել ու զրուցել։

–Պարոն Պլետնյով, երաժշտական քննադատներն ասում են, որ յուրաքանչյուր հեղինակի ստեղծագործություն կատարում եք, ասես ձեր սեփականը լինի և նշում են, որ հաճախ ձեր մեկնաբանումները շատ ինքնատիպ են:

–Նախ, դասական հեղինակները վաղուց հեռացել են կյանքից։ Նրանցից արդեն չես հարցնի։ Հետո, կարծո՞ւմ եք, հեղինակը գիտի՞, թե ինչպես պետք է կատարվի իր գործը։ Հեղինակը գրում է ստեղծագործությունը, սակայն միշտ չէ, որ ինքն այն կարող է լավ կատարել։ Կատարում են արտիստները, որոնք երբեմն կարող են այնպես մեկնաբանել, որ անգամ հեղինակը զարմանա, որ նման գործ է գրել, լավ իմաստով, իհարկե։ Հեղինակը լույս աշխարհ է բերում «երեխային», իսկ թե ինչ կլինի հետո նրա հետ, հեղինակից չի կախված։ «Երեխան» իր կյանքով է ապրելու։

Համերգին Չայկովսկի եք կատարելու։ Ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքում Արևմուտքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, որը չսահմանափակվեց տնտեսական ոլորտով, սպորտն ու մշակույթը նույնպես ենթարկվեցին որոշակի պատժամիջոցների։ Ի նշան բողոքի՝ որոշ նվագախմբեր ու մենակատարներ անգամ հայտարարեցին, որ չեն կատարելու ռուս հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում նաև Չայկովսկու։ Չե՞ք համարում, որ սա արդեն աբսուրդի ժանրից է։

–Նախ վերջերս ես Փարիզում ղեկավարել եմ նվագախումբ ու ծրագրում Չայկովսկի է հնչել։ Բայց  սարսափելին այն է, որ երկրի վրա խելագարների թիվն աճել է։ Նախկինում նրանց այդքան չէինք նկատում։ Համավարակի ու պատվաստանյութի, կամ ինչպես ավելի ճիշտ է ասել թունանյութի «թատրոնի» ալիքը նրանց ի հայտ բերեց։ Ասես, «ոչխարի հոտ» կամավոր գնում էին ինքնաոչնչացման, և դա ինձ ուղղակի սարսափեցրեց։ Հայտնի լուսանկար կա՝ Բուխենվալդի հմայիչ ժպիտով սիրունիկ վերակացու, բանտապահ կանանց, որոնք առաջին իսկ հրամանի դեպքում պատրաստ էին բանտարկվածների կոկորդը կտրել։ Սա նրանց «աշխատանքն» էր։ Համավարակի օրերին, ոստիկանները կարող էին ոտնատակ անել դիմակ չկրողներին։ Սա էլ նրանց «աշխատանքն» էր։ Ցավոք, մարդիկ չեն հասկանում, թե ինչ էր իրենց սպասվում, ինչից մազապուրծ եղան։ Իսկ սպասվում էր այն, ինչ հիմա Չինաստանում է կատարվում․ երկիր, որ նմանվել է համակենտրոնացման ճամբարի։ Փառք Աստծո, աշխարհում գտնվեցին խիզախ մարդիկ, որ դուրս եկան այս ամենը կազմակերպող տականքների դեմ։ Պայքարեցին, որոշ դեպքերում կյանքի գնով, օրինակ՝ Ռոտերդամում կամ Կանադայում։ Սակայն տականքը իր տեղում է։ Կարծո՞ւմ եք՝ ամեն ինչ վերջացա՞վ։ Ոչ, սա առաջին ալիքն էր։ Գիտե՞ք՝ ինձ ինչն է առավել սարսափեցնում։ Այն, որ մարդկանց մի հատվածը շատ հանգիստ պատրաստ է սպանել մարդկանց մյուս հատվածին և այդ ամենը անվանել «աշխատանք»։

–Նման մտքերը չե՞ն խանգարում ձեր երաժշտարվեստին, կատարման տրամադրությանը։

–Ոչ։ Արվեստը վեր է ամեն ինչից։ Դա այլ հարթություն է։ Դասական երաժշտությունը իրապես էլիտար է և այն չի կարող մասսայական լինել։ Նրանք, ովքեր հիմա ականջակալներով ռեփ են լսում, նույն դասակարգից են, ինչ նախկինում ասենք գեղջուկներն էին կամ լյումպենները, որոնք իրենց գյուղերում կամ քաղաքներում պարզունակ պարերն էին պարում ու երգերը երգում։ Դա ոչ վատ է, ոչ լավ։ Դա այդպես է։ Իրական արվեստը՝ ազնվական ծագում ունի։ Խնդրի այլ կողմն էլ կա, թե ինչու դասական արվեստը չի մասսայականացվում, ինչու մշակույթին, կրթությանը այսօր մեծ գումարներ չեն հատկացվում ամբողջ աշխարհում։ Որովհետև երկրի ղեկավարներին ավելի հեշտ է կառավարել անգրագետ «զոմբիներին»։ Տեսեք, թե Ռուսաստանում ինչ է կատարվում։ Ռուսական հեռուստաալիքների «զոմբիարկղից» ինչ անհեթեթություններ են հնչում։ Իսկ Սոլովյովի շոուի պրոպագանդիստները ուղղակի անբարոյականներ են։ Հասկանալի է, որ դա էլ նրանց «աշխատանքն» է։ Բայց ավելի զզվելի է այն, որ կան նրանց համակիրները, ովքեր դիտում են այդ շոուներն ու սկսում մտածել ու գործել համահունչ։ Սոլովյովը ինձ մեկ անգամ կանչեց իր շոուին մասնակցելու, ես ասացի, որ նախընտրում եմ իգական սեռի պոռնիկներին։

–Պարոն Պլետնյով, ծանր զրույց ստացվեց։ Դրականով եկեք ավարտենք․․․

–Տեսեք՝ ինչ արևոտ քաղաք է պատուհանից այն կողմ։ Հիմա իմ օգնականի հետ կգնանք Ղարաբաղի գորգեր նայելու։ Այո, այդպես զարմացած մի նայեք։ Իրոք, գնում ենք Շուշիի գորգեր նայելու, միգուցե և գնենք։

Զրուցեց Ռուզաննա Մկրտչյանը