Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խախտվել են իմ իրավունքները․ խնդրել եմ իմ փաստաբանական թիմին նախաձեռնել հետևյալ գործողությունները․ Աննա Հակոբյան (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դիմում է դատարան։

«Անկախ դիտորդ»-ը «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ,- հայտարարում է նա։

Ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքը դիմում է ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ընտրական շրջանում իրականացվող բարեգործական միջոցառումները։ Դաշինքի գնահատմամբ՝ դրանք կարող են հակասել ընտրական օրենսդրությանը և դառնալ վարչական վարույթի առարկա։ 

Զուգահեռաբար հաղորդում է ուղարկվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգների ֆինանսավորման և դրանց հնարավոր քաղաքական բաղադրիչը գնահատելու նպատակով։

Դաշինքը պնդում է, որ հիմնադրամի գործունեությունը կարող է ընկնել ընտրական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների տակ, իսկ «Խաղաղության ձայնը» խորագրով համերգները՝ դիտարկվել որպես քաղաքական ուժի օգտին բնեղենով նվիրատվություն։

 «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը այսօր ներկայացրեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ գործընթացը դիտարկում է ոչ միայն իրավական, այլև իրավունքների խախտման տեսանկյունից։

Նրա խոսքով՝ համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 7-ի, ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 4-ի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի հոդված 3 և 10-ի, ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 210-ի խախտվել են իր ընտրական իրավունքի ազատության և գաղտնիության սկզբունքները, ընտրական գործընթացին առանց ճնշման մասնակցելու, ինչպես նաև արտահայտվելու ազատության և այլ հիմնարար իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական նորմերը։

Հակոբյանը միաժամանակ նշեց նաև, որ իր փաստաբանական թիմը պատրաստվում է երկու կետով դիմել վարչական դատարան` մեկը «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջով, մյուսը՝ դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ հնարավոր քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով՝ ընտրական իրավունքների խոչընդոտման հատկանիշներով։

«Անկախ հանրային կարգավիճակից, ես շարունակում եմ մնալ ՀՀ քաղաքացի, և իմ ընտրության իրավունքը, այդ թվում՝ դրա գաղտնիությունը, պետք է պաշտպանված լինի», -ասաց նա։

 Աննա Հակոբյանի հայտարարությունն ամբողջությամբ 

«Անկախ դիտորդ» դաշինքի  ֆեյսբուքյան էջից և մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ Անկախ դիտորդը ապրիլի 22-ին դիմում է ուղարկել Վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։

իրենք քարոզչության ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ: 

«Ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը...» ասում են նրանք, և ինչպես նշված է Ազատության հոդվածում` «եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, Աննա Հակոբյանին սպառնում է տուգանք՝ մինչև 6 միլիոն դրամի չափով։»

 

Սույնով խախտվել են իմ հետևյալ իրավունքները`

1.     Սահմանադրություն. Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

2.     ՀՀ ընտրական օրենսգիրք. Հոդված 4.Ազատ ընտրական իրավունքը

Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:

3.     Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները

Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ «ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի», ինչը, ըստ Մարդուիրավունքների եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի, ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը։
Իսկ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամարտահայտությունը, այդ թվում՝ ընտրական գործընթացների համատեքստում։

4.     Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները,

որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը` ներառյալ նաև հոգեբանական և հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով և դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսևորում։

5.     Ընդունելով, որ յուրաքանչյուրն ունի անմիջականորեն կամ ազատ

հիմունքներով ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը և ունի իր երկրում պետական ծառայության հավասար մատչելիության իրավունք, և ցանկանալով հավասարեցնել տղամարդկանց ու կանանց կարգավիճակը քաղաքական իրավունքներից օգտվելու և դրանք իրագործելու հարցում`  Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանել է, որ  «կանայք պետք է իրավունք ունենան բոլոր ընտրություններում քվեարկել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով` առանց որևէ խտրականության:»

 

6.     Քրեական Օրենսգիրք. Հոդված 210

Անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 Հաշվի առնելով վերոնշյալը խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել` նախաձեռնելու հետևյալ 2 գործողությունները`

(1)  Դանիել Իոնիսյանի նկատմամբ  քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը և

(2)  Անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը` «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով 

Ինչ վերաբերվում է «Իմ քայլը» հիմնադրամին, ըստ Անկախ դիտորդի` Հիմնադրամը ասոցացվում է իշխանական ուժի հետ, ուստի Ազգային ժողովի ընտրությունների նշանակման մասին հրամանագրի հրապարակումից հետո հիմնադրամը պետք է կասեցներ իր գործունեությունը: 

Բոլորի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ եթե հիմա իմ անձով կամ Հիմնադրամի անվանումով պայամանվորված, ոմանց մոտ ասոցացում է առաջացել իշխող ուժի հետ, ապա բոլորի ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ  մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ ՔՊ վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը: Այդ ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը Շիրակում անցկացրել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Առհասարակ Հայրապետյանի` Հիմնադրամում պաշտոնավարման ընթացքում  բազմաթիվ համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ և այդ ողջ ընթացքում Հիմնադրամը այդ համայնքներում իրականացրել է իր ծրագրերը: Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով չի կատարվել: Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված` կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում»։