Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Մարզեր

Գյուղատնտեսության ապահովագրություն․ կլիմայի դեմ պայքարի միջոց

Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ Մանվել Պալյանն ունի 3 հա հողակտոր: Աճեցնում է ծիրան, սալոր, դեղձ ու խաղող։ Արդեն մեկ տարի է Մանվելն օգտվում է կարկտահարության ու ցրտահարության ռիսկերի գյուղապահովագրական ծրագրերից։

Մանվել Պալյանն ասում է, նախորդ տարիներին չէր ապահովագրել բերքն ու փոշմանել էր, քանի որ ցրտահարության պատճառով բերքատվության կորուստ էր ունեցել։

«Անցած տարի, բողբոջած ժամանակ ձյուն ա եկել։ Ամեն ծառից 10-12 կգ բերք քիչ ենք ստացել»,- պատմում է Մանվելը։ Գյուղացու խոսքով՝ ապահովագրական ընկերությունը ցրտահարության դիմաց փոխհատուցել է 800 հազար դրամ։ Ստացած գումարով կարողացել է թունաքիմիկատների, աշխատող ուժի ու տեխնիկայի վնասը փոխհատուցել։

 Մանվելն ասում է՝ սկզբում հույս չունեին, որ հատուցում կստանան, բայց վնասի համար փոխհատուցել են և հաջորդ տարվա համար, նույնպես պլանավորում է բերքն ապահովագրել։

Հայաստանում գրեթե ամեն ամիս տեղի են ունենում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում գյուղատնտեսության վրա։ 2012-2021 թվականների տվյալներով ամենաշատը գրանցվել է ուժեղ քամիների դեպքեր։ Քամիներից բացի, հաճախակի են լինում՝ ուժեղ անձրև, ձյուն, կարկուտ և սաստիկ շոգ։

Գյուղատնտեսությունը՝ կլիմայի փոփոխության ամենախոցելի ոլորտ

Կլիմայի փոփոխության ամենախոցելի ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Ջրի սակավությունը, ջերմաստիճանի բարձրացումը և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները լուրջ մարտահրավերներ են գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ Զարուհի Պետրոսյանն ասում է՝ ֆերմերները կլիմայի վերաբերյալ վստահելի տեղեկատվության կարիք ունեն։ Փորձագետի կարծիքով՝ պետք է մեծացնել կապը գյուղացիների և կլիմայի կանխատեսումներով զբաղվողների միջև։ Այդպես՝ ֆերմերները հնարավորություն կունենան վաղօրոք դիմակայել եղանակային փոփոխություններին։

Վտանգավոր օդերևութաբանական երևույթները՝ գյուղատնտեսական վնասների պատճառ

Հայաստանում վտանգավոր օդերևութաբանական երևույթները պատճառ են դարձել, նաև գյուղատնտեսական կորուստների։

2013-2020 թվականներին Հայաստանում կարկտահարության, ցրտահարության ու սելավի հասցրած վնասներն ամենամեծն են եղել, 2017 թվականին՝ 154.000 հա, որը կազմում է 97 միլիարդ դրամ։ 2017 թվականից հետո վնասները նվազել են։ 2020 թվականին կազմել է 63 միլիոն դրամ։

Գյուղատնտեսություն.png (48 KB)

Գյուղատնտեսական վնասներից խուսափելու համար 2019 թվականից Կառավարության որոշմամբ իրականացվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր»։ Ծրագրի նպատակն է գյուղապահովագրության ամբողջական ներդրումը և վտանգավոր օդերևութաբանական երևույթների ռիսկերի կառավարումը։ Գյուղացիները կարող են ապահովագրել մի շարք մշակաբույսեր՝ ծիրան, խաղող, դեղձ, խնձոր, աշնանացան և գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի, վարսակ), կարտոֆիլ, սալոր, ձմերուկ, սեխ, բալ և կեռաս։

Գյուղատնտեսական ապահովագրությունը հնարավոր է ձեռք բերել «Սիլ Ինշուրանս», «Ռոսգոսստրախ Արմենիա», «Ինգո Արմենիա», ապահովագրական ընկերություններից:

Ըստ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տվյալների՝ 2022 թվականի ընթացքում 5,091 ֆերմեր օգտվել է գյուղապահովագրությունից՝ 866 մլն․ դրամ ապահովագրավճարով։ Արդյունքում մոտ 1 մլրդ դրամ բաշխվել է ֆերմերներին, բերքի վնասը հատուցելու համար։

Նյութը պատրաստվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի շրջանակում։ Նյութում արտահայտված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և պարտադիր չէ, որ ներկայացնեն ՄԱԶԾ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի տեսակետները:

Սոնա Հովսեփյան