Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Վերաբացված ցուցասրահներում՝ ուրիշ Սարյան (տեսանյութ)

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը։ Գրքային գրաֆիկայի Վարպետի թողած ժառանգությունը՝ մոտ ինը տասնյակ նկարազարդումների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը շնորհավորեց թանգարանի այցելուներին ու աշխատակիցներին երկարատև դադարից հետո վերաբացված, վերանորոգված երրորդ հարկի ցուցասրահների կապակցությամբ, որտեղ և ներկայացված էր ցուցադրությունը։ Վերաբացվեն նաև Հայ հին և միջնադարյան արվեստի վերանորոգված և արդիականացված ցուցասրահները։ Իսկ դեկտեմբերի սկզբին կվերաբացվեն վերին հարկերի ցուցասրահները։

«Այսօր մենք ներկայացնում ենք Սարյան, բայց ուրիշ Սարյան։ Ցուցահանդեսը նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու Վարպետի թողած մատենանկարչության հարուստ ժառանգությանը»,– բացման խոսքում նշեց տիկին Հակոբյանը։

Ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի գրական երկերի, հայկական հեքիաթների, «Շահնամեի», «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ պատկերազարդումները։ Ներկայացված են նաև գրաֆիկական թերթեր, գրքեր, դասագրքեր ու մանկական գրականության պատկերազարդումներ և Եղիշե Չարենցի հանրահայտ դիմանկարը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերից։ Հայպետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի

նախաձեռնությամբ գրահրատարակչության ոլորտում աշխատեցին Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Միքայել Արուտչյանը, Տաճատ Խաչվանքյանը, ստեղծելով գրքային գրաֆիկայի իրենց շեդեվրները, նոր բովանդակություն ու շունչ հաղորդելով։

Մարտիրոս Սարյանը տվեց գրքարվեստի հիմնական սկզբունքների իր բանաձևը: Գիրքը պետք է կառույցի նման օժտված լինի համամասնությունների ներդաշնակ հարաբերություններով, ծավալի ու չափերի միասնությամբ, սկզբնազարդերի, վերջազարդերի, տեքստի ու պատկերների տրամաբանական միահյուսմամբ, իսկ սուպերշապիկն ու տիտղոսաթերթը պետք է տրամադրեն գեղեցիկի աշխարհը մտնելուն: Հետհեղափոխական իրականությունում, երբ գաղափարախոսությունը հետին պլան էր մղել ազգայինը, Սարյանը փորձում էր համադրել սոցիալիստականն ու ազգայինը սակայն նրա որոշ ձևավորումները մնացին անտիպ: