Բացել լրահոսը Փակել լրահոսը
3
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ինչ խնդրել Ջոջոյից կամ ինչ հակադրել ռուսական սապոգին

Գորիի ճանապարհին ենք․ վրաց-օսեթական շփման գիծը ձգվում է ամբողջ երկայնքով։

«Պատկերացնում եք նման բան, որ բաժանման գիծը կարող է  անցնել անգամ տան միջով,– ասում է  հայ լրագրողներին ուղեկցող Վրաստանի լրագրողների ռեսուրս կենտրոնի համակարգող Նինա  Կելաձեն։– Շփման գիծը քայլ-քայլ շարժվում է առաջ։ Մենք սա «սողացող անեքսիա» ենք կոչում։ Որոշ հատվածներում, փշալարերը Վրաստանի գլխավոր մայրուղուց արդեն ընդամենը 200 մետրի վրա են»: 

Կան գյուղեր, ինչպես օրինակ Խուրվալեթին, որ կիսվել  են․մի մասը գտնվում է վրացական, մյուս՝ օսեթական վերահսկողության տակ:

Հարցին, թե ինչ է անում վրացական կողմն այդ դեպքում՝  Նինան պատասխանում է․ «Իսկ ինչ կարող է անել վրացական կողմը։ Կարող է միայն խնդիրը բարձրաձայնել միջազգային կառույցների, եվրադիտորդների առջև։ Սակայն վերջիններիս դատապարտող հայտարարությունները էապես չեն կարող որևէ բան փոխել։ Ռուսական սապոգը միայն ուժի լեզուն է հասկանում»։

Սահմանամերձ Գորին 2008–ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ ամենատուժած քաղաքն է: Սակայն Գորիի բնակչության զգալի հատվածը պրոռուսական է։

Զարմանալի է, բայց փաստ։ Սա, ասում են, իր բացատրությունն ունի և կապված է խորհրդային երկրի ամենաահազդու առաջնորդ ընկեր Ստալինի հետ, ով ծնվել ու մանկության մի քանի տարին անցկացրել է այստեղ։ Անցյալ դարի 50-ականներին՝ տան շուրջը, որտեղ ծնվել է Ստալինը, կառուցվել է թանգարան․ այն գործում է առ այսօր։

Ստալինի արձանը Գորիում, որ ապամոնտաժվել էր 2010–ին,  վերականգնման պահանջով մի շարք ակցիաներից հետո,  նորից տեղադրվեց երեք տարի հետո։

«Ասում են Ստալինը Գորիի գլխավոր զբոսաշրջային գրավչությունն է, սակայն Ստալինի մասին ռոմանտիկ հիշողություններից բացի պետք է այստեղ այցելած մարդկանց այլ գրավչություններ ներկայացնել, փոխել պատկերացումները»,– ասում է  Գորիի TV Monitoring  մարզային հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գաբլիշվիլին և մանրամասնում, –Գորիում, ինչպես և տարածաշրջանում շատ տեսարժան վայրեր կան։ Օրինակ՝ հայտնի «էրիսթավի» դրամատիկական թատրոնը, որը գործում է 1845 թվականից։ Կամ Ուփլիսցիխե քարանձավային քաղաքը, որը թվագրվում է մ.թ.ա 8-5-րդ դարեր, մի մասն էլ շատ ավելի հին է։

«Եվ վերջապես, Ջոջոյին կարելի է ներկայացնել,–ընդհատում է Նիկային հաղորդավարուհի Մական։

«Գիտե՞ք՝ ով է Ջոջոն․ քարանձավային մողես է, որը բնակվում է հենց այս տարածաշրջանում։ Ասում են՝ շատ հետաքրքրասեր է, ու եթե հանդիպում ես Ջոջոյին, և ուշադիր քեզ է նայում, կարող ես խնդրանքով դիմել, կկատարի»,– ժպտում է Մական։ 

Իսկ եթե դու հանդիպես, ինչ կխնդրես Ջոջոյից՝ հարցին՝ Մական պատասխանում է․ «Կխնդրեմ, որ փշալարեր չլինեն, աշխարհի և ոչ մի անկյունում»։

Լրագրող–հաղորդավարուհի Մակայի մայրը օսեթ է, հայրը՝ վրացի։

«Հավատացեք, խառնածինների համար շատ ավելի դժվար է այս ամենի հետ հաշտվել։ Իսկ այդպիսիներն այստեղ քիչ չեն։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր հարազատներ ունեն սահմանից այն կողմ։ Մինչև 2008 թիվը շփման գծի գյուղերում ապրողները ազատ ելումուտ ունին։ Հիմա սահման հատելը բարդ գործընթաց է։ Հիմա մնում է լուռ նայել դեպի սարերից այն կողմ գտվող Ցխենվալին, ու մտածել՝ արդյո՞ք այնտեղից էլ քո հարազատներն են քեզ նայում»։

 Գորիի TV Monitoring  մարզային հեռուստաընկերությունը, որտեղ հայ լրագրողներն էին հյուրընկալվել, ընդամենը տաս աշխատակից ունի։ Յուրաքանչյուրը, անհրաժեշտության դեպքում,  կարող է և լրագրողի գործ անել, և օպերատորի, և հաղորդավարի։  Հիմնական շեշտը դրված է սահմանային իրադարձությունների լուսաբանման վրա։ Սոցիալական խնդիրներին են նաեւ անդրադառնում։ Տնօրենը՝  Նիկան, պատմում է՝  որոշ դեպքերում ինչ կարևոր դեր կարող է ունենալ տեղեկատվությունը՝ բերելով այս օրինակը։

Պատերազմից հետո սահմանային գյուղերից մեկում բնակիչներից շատերը հեռացել են, և այնտեղ կա  ընդամենը մեկ դպրոցական։

Գյուղում , բնականաբար, չկա դպրոց, ու երեխան ստիպված ամեն օր ոտքով ճանապարհ էր ընկնում հարևան գյուղ։

Իրենց նկարած տեսանյութից հետո գտնվեց մեկը, ով երեխային հեծանիվ նվիրեց։ 

Հայ լրագրողների այցը վրաց-օսեթական սահմանային գիծ և մարզային անկախ հեռարձակող TV Monitoring  կազմակերպել էր  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Հակամարտությունների լուսաբանման թեմայով լրագրողական շրջայց Վրաստան» նախաձեռնության շրջանակում։

Ռուզաննա Մկրտչյան