ՀՅԴ–ն առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքային ձեւաչափով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ Գերագույն ժողովը որոշել է մասնակցել 2026թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափի։
«Լիազորել ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունն ու մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»,- ասված է հայտարարության մեջ։
Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմության հնարավոր դաշինքների, Սամվել Կարապետյանի գործի և նոր շարժումների մասին
«Մենք այդ հարցը քննարկել ենք, իրականում լավ գաղափար է, մենք դեմ չենք այդ գաղափարին, բայց գործնականում այն իրականացնելը գրեթե անհնարին է»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ քննարկե՞լ են ընդդիմադիրներով ԱԺ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեկ ճակատով մասնակցելու հարցը, համարո՞ւմ են գործող իշխանությանը տապալելու արդյունավետ ճանապարհ։
Նա բացատրեց, թե ինչու է համարում գործնականում անհնարին. «Նախ, արդեն մի քանի ուժեր շատ հստակ հայտարարել են, որ պատրատ չենք մեկ բլոկով մասնակցել, երկրորդ, անկեղծ ասեմ, 100 տոկոս համոզմունք չէ, որ շատ արդյունավետ կլինի։ Ինչու, երբ որ բոլոր ուժերին նույնացնում ես, մեկի անտիռեյտինգը հասնում է մյուսին ու հակառակը, իրականում ուժերը, հնարավորությունները մեկտեղում ես, բայց նաև նույնացնելով՝ հանրության տարբեր շերտերի զրկում ես այլընտրանքային հնարավորություններից»։
Քանի որ, ըստ նրա, դա գործնականում անհնար է, Ի. Սաղաթելյանը ներկայացրեց իրենց առաջարկը. «Ընդդիմադիր դաշտի ուժերը պետք է մի կողմ դնեն շատ ամբիցիաներ, տարաձայնություններ, մեկտեղեն իրենց ուժերը, հնարավորությունները, ձևավորեն առնվազն 2, 3, 4 ազդեցիկ բլոկներ, որպեսզի կարողանան նախ շեմը հաղթահարել, գրանցել ավելի արդյունավետ արդյունք իրենց գլխավոր նպատակին հասնելու՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Հետևաբար, քանի որ հնարավորություն չկա մեկ միասնական դաշինքով հանդես գալ, առնվազն պետք է ամեն ջանք գործադրել մի քանի խոշոր բլոկ ձևավորելու համար։ Այդ բլոկների հնարավորությունները կան, արդեն նշմարվում են դաշտում։
Անկախ այդ ձևաչափերի որոշումից, գտնում ենք՝ կան կարևոր, առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել»։
«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, հալածվում է այս իշխանության կողմից ամբողջությամբ ապօրինաբար, այն ինչ տեղի է ունենում նրա նկատմամբ, մեզ համար անընդունելի է, դատապարտելի է»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը հալածվում է հայկական եկեղեցու, հայկական ինքնության կողքին կանգնելու համար։
Սաղաթելյանն ասաց, որ դրական են վերաբերում «Մեր ձևով» շարժմանը, հույս հայտնեց, որ նոր ձևավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղն ու դերը։
Անդրադառնալով նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանի հայտարարության, որ պետք է նախկին նախագահներն առհասարակ խաղից դուրս գան, որ հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Սաղաթելյանն ասաց. «Ինչ վերաբերում է մյուս նոր ստեղծվող ուժերին, որոնք անընդհատ պահանջեր են դնում՝ ով քաղաքականությունից դուրս գա, ով չգա, նույնիսկ ասում են՝ որևէ մեկին չենք միանա, նախ ասեմ՝ ես չեմ ասի մի հատ շեմն անցեք, նոր մեկին միանալու-չմիանալու հարց քննարկեք, ասում եմ, որ որևէ մեկը թող պահանջ չներկայացնի՝ ով ընտրություններին մասնակից, ով՝ ոչ։ Արման Թաթոյանի համար հրաշալի հնարավորություն է հանդես գալ իր ծրագերով, թիմով, առաջարկել մարդկանց որպեսզի գնան, քվեարկեն։
Մենք անկեղծ հաջողություն ենք մաղթում և հույս ունենք, որ կհաղթահարեն շեմը, ներկա կլինեն խորհրդարանում՝ նպաստելով ընդդիմադիր դաշտի աշխատանքներին, այս իշխանությունների հեռացմանը։
Մենք չենք մտնելու այդ մանր բանավեճի մեջ, մեզ չեն կարող նիկոլական խոսույթներով քաշել այդտեղ, մենք ավելի լուրջ, կարևոր նպատակ ունենք, գնում ենք այդ նպատակն իրակացանելու համար։ Նախկին, նոր, հին... նիկոլական խոսույթ է, գցել են մեր մեջ»։