Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հրատապ մամլո ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի պաշտպանները քննադատում են քննիչների վարքագիծը և դատարանների որոշումները

2025 թվականի հունիսի 18-ից մինչև դեկտեմբերի 30-ը միայն մեկ դատավոր արձանագրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքում կալանքից բացի գոյություն ունի նաև այլ խափանման միջոց։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հիշեցրեց, որ միայն դեկտեմբերի 30-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշմամբ, Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով և հանրային խոսքին վերաբերող սահմանափակումներով։

Վարդևանյանը շեշտեց, որ սա հաջողություն համարել չի կարելի․ «Սամվել Կարապետյանի գործով, ըստ էության, հաջողություն արձանագրելու հանգամանք չունենք էլ, քանի որ այստեղ գործ չկա, երբ գործ չկա, դրանում հաջողություն արձանագրելու երևույթն էլ անկեղծ չի հնչում»։

Նրա խոսքով, Հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո, 2026 թվականի հունվարի 5-ին քննչական մարմինը և դատախազությունը ձեռնարկել են երկու գործողություն՝ արգելել են Սամվել Կարապետյանին մասնակցել իր հոր առաջին մեռելոցին, և նույն օրը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան բողոք է ներկայացվել կալանքի փոխման որոշման դեմ։

«Բողոքի իրավական հիմնավորումը զրոյական է։ Հարցը միայն այն է՝ ինչու կալանք չլինի։ Այդքան պարզ»,- հայտարարեց փաստաբանը։

Բժշկական խնդիրներ և քրեակատարողական պայմաններ

Վարդևանյանը անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի առողջական վիճակին՝ նշելով, որ տնային կալանքի պայմաններում նա կարողացել է անցնել համալիր բժշկական զննում, որի արդյունքում հաստատվել է երկկողմանի թոքաբորբ։ Ըստ փաստաբանի՝ այդ ախտորոշումը բացակայում էր մինչև այդ՝ շուրջ յոթ ամիս, երբ Կարապետյանը գտնվում էր քրեակատարողական հիմնարկում։

Նրա խոսքով՝ համապատասխան պաշտոնյաները նախապես արձանագրել էին, որ որևէ առողջական խնդիր չի հայտնաբերվել, մինչդեռ այժմ պարզվել է, որ Կարապետյանը ունեցել է ծանր վիճակ՝ նաև հաստատված COVID վարակով։

Նախաքննության ձգձգում և կալանքի նպատակ

Փաստաբան Արամ Վարդևանյանը քննադատեց այն հանգամանքը, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն չի կատարում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ։

«Ակնհայտ է, որ գործ ունենք ձևական մեղադրանքի և ամեն գնով կալանքի տակ պահելու փորձի հետ։ Այլ բովանդակություն ուղղակի չկա։ Եվ 53 քննիչ այս ամենի մեջ ներգրավված լինելը պարզապես ամոթալի է»,- ասաց նա։

Փաստաբան Արմեն Ֆերոյանը հավելեց, որ գործը դատարան չի ուղարկվում՝ «որպեսզի հասարակությունը չտեսնի, թե ինչ խայտառակ քրեական գործի հետ գործ ունի»։

Նա նաև շեշտեց, որ տնային կալանքի պայմաններում կիրառվող սահմանափակումները նույնիսկ ավելի խիստ են, քան բանտում․ օրինակ՝ Կարապետյանը չի կարող զանգահարել իր ընտանիքի անդամներին կամ հանդես գալ հրապարակային ելույթներով՝ ինչպես նախկինում։

Ֆերոյանի խոսքով՝ Կարապետյանի բանտային պայմանները եղել են սարսափելի․ մշտապես ցուրտ խցեր, առողջության վատթարացում, եւ պետության անգործություն առողջապահական աջակցություն ցուցաբերելու հարցում։