Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռազմիկ Զոհրաբյան
A A
Քաղաքականություն

Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը

Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը։

Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը։

«Ռազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ դեր է ունեցել ՀՀԿ-ի կայացման, ներքին կարգապահության և քաղաքական ռազմավարության ձևավորման գործընթացներում։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված է եղել կուսակցական համակարգի ամրապնդմանը, քաղաքական գործընթացների կառավարմանը և պետական կառավարման փորձի փոխանցմանը»,- նշված է ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ռազմիկ Զոհրաբյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։

1969–1971 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1971–1974 թվականներին աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում՝ որպես արտադրամասի հերթափոխի պետ։

1971 թվականից զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։

1974–1984 թվականներին դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։

1984–1990 թվականներին աշխատել է Երևանի մի շարք գործարաններում՝ տարբեր պաշտոններում։

1990-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Այդ շրջանում հանդիսացել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման կազմակերպիչներից մեկը։

2002–2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

2007–2012 թթ, 2012-2017թթ ընթացքում եղել է Ազգային ժողովի պատգամավոր:

Եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի տեղակալ։

2000 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով,

2005 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Ռազմիկ Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 14 ին, սկսած ժամը 17:30ից՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ), թաղումը՝ հունվարի 15-ին, նույն տեղից, ժամը 13:00: