2022թ․ առաջին կիսամյակում ծնունդները նվազել են, սեռով պայմանավորված ծնունդների ընդհատումների աճ է արձանագրվել
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակ Մարկոսյանի հոդվածը դեմոգրաֆիկ փոփոխությունների մասին․
1. ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2022թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2961,9 հազար մարդ՝ 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,7 հազար մարդով։ 2022թ․ հունվարի 1-ի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 0.5 հազար մարդով, որը կազմվել է 2022թ․ հունվար-հունիս ամիսներին ձևավորված միգրացիայի բացասական մնացորդի՝ 1.3 և բնական աճի՝ 1.8 հազարի հաշվին։
2. ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2022Թ. ԱՌԱՋԻՆ 7 ԱՄԻՍՆԵՐԻՆ
2022թ․ հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների բացարձակ թիվը նվազել է 694-ով կամ 3,4 տոկոսով՝ կազմելով 19․470 երեխա։ Միաժամանակ մահացածների թիվը նվազել է 2074 մարդով կամ 11,1 տոկոսով՝ կազմելով 16․458 մարդ։ Թեև ծնունդների թիվը պակասել է, սակայն մահացությունների թվի նվազման հետևանքով բնական հավելաճն աճել է՝ կազմելով 2922 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի ցուցանիշն ավելացել է 89,5 տոկոսով կամ 1380 մարդով։ Կարելի է արձանագրել, որ բնական աճի ցուցանիշի լավարկման համար հիմնական պատճառ է մահացությունների թվաքանակի նվազումը։ Մասնավորապես, 2022թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կորոնավիրուսից մահերը նվազել են 69,3 տոկոսով և կազմել 698 մարդ։
2022թ․ հունվար-հուլիսին ամուսնությունների թիվը (պաշտոնապես գրանցում ստացած) պակասել է 3,4 տոկոսով կամ 323-ով և կազմել 9306 դեպք։
Մտահոգիչ է ամուսնալուծությունների թվաքանակի աճը, որը 2022թ․ հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5,7 տոկոսով կամ 138 դեպքով։
2022թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի բացասական ցուցանիշ արձանագրած մարզերի թիվն էականորեն նվազել է։ Զգալիորեն բարելավվել են Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի բնական աճի ցուցանիշները (տե՛ս աղյուսակ 1): Մտահոգիչ է այն փաստը, որ բնակչության բացասական աճի ցուցանիշ է շարունակվում արձանագրվել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ մարզերում բնական աճի բացասական ցուցանիշը որոշակիորեն նվազել է (տե՛ս աղյուսակ 1):
Ծնունդների բացարձակ թվաքանակի անկում է գրանցվել հանրապետության 11 մարզերից 3-ում, ընդ որում, զգալի պակասել է մայրաքաղաք Երևանում արձանագրված ծնունդների թիվը՝ 36.4 տոկոսով կամ բացարձակ թվով՝ 3011-ով։ Ի տարբերություն Երևանի՝ հանրապետության մյուս մարզերում, բացառությամբ Շիրակի և Գեղարքունիքի, գրանցվել է ծնունդների թվաքանակի էական աճ՝ Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում համապատասխանաբար՝ 61.1, 52.1, 43.8, 44.4, 29.4 և 28.3 տոկոսով։
Թեև այսպիսի տեղափոխությունը որոշակի իմաստով դեռևս դժվար է մեկնաբանել, բայց փաստ է, որ Երևանը կորցնում է հանրապետության ծնունդների առաջամարտիկի դերակատարումը, միաժամանակ էականորեն նվազում է նրա ունեցած ներդրումը բնական աճի ցուցանիշի ձևավորման գործընթացում։ Դեռևս երկու տարի առաջ Երևանն ապահովում էր բնական դրական աճի ցուցանիշի մինչև 80, իսկ ներկայումս՝ 22 տոկոսը։
Ինչ վերաբերում է մահացածներին, ապա 1000 բնակչի հաշվով այն դեռևս ամենաբարձրն է Լոռու մարզում՝ 14.6 դեպք, որին հաջորդում են Տավուշի՝ 12.7, Վայոց Ձորի՝ 12.2 և Շիրակի մարզերը՝ 10.2 դեպքով։ 1000 բնակչի հաշվով մահացածների ամենացածր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում և Արմավիրի մարզում՝ 9 դեպք։ Հատկանշական է, որ 2022թ․ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան դեպքերի 10.5 տոկոս նվազում, որը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ շուրջ 69 տոկոսով պակասել է կորոնավիրուսի համավարակից մահացության ցուցանիշը։ Եթե 2021թ․ առաջին կիսամյակում կորոնավիրուսի համավարակից մահացել էր 2185 մարդ, ապա 2022թ․ նույն ժամանակահատվածում՝ 687։ Ընդհանուր առմամբ 2022թ․ առաջին կիսամյակում մահերի բացարձակ թիվը նվազել է 1634 դեպքով (տե՛ս աղյուսակ 1), և նաև ի շնորհիվ դրա՝ բնական աճի ցուցանիշն ավելի բարձր է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։