Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ
A A
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանց չվերջացող խնդիրները․ որտե՞ղ է թաքնված շան գլուխը

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրները այնքան են  արմատացել այս տարիների ընթացքում, որ դրանք արձագանքելը, խնդիրները լուծելը շատ դժվար է։ Այս խնդիրը բնականաբար նոր չէ, բայց վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգի փոփոխությունները, որոնք ի հայտ են գալիս վերափորձաքննությունների ժամանակ, առաջացնում են, ինչպես  հաշմանդամության կարգ ունեցող, այնպես էլ առողջական խնդիրներ ունեցող, բայց կարգ չունեցող անձանց դժգոհությունը։ Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրույցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ, որպեսզի պարզի,  թե որտեղ է թաքնված շան գլուխը։

«Բոլոր ժամանակներում էլ ջանքեր են գործադրվել այդ համակարգը բարեփոխելու, թե որքանով է նախորդ և ներկա կառավարություններին հաջողվել այն իրականացնել՝ դժվար է ասել։ Այս համակարգն ընդհանուր առմամբ հասկանալի չէ մարդկանց, մարդիկ շատ դժվարությամբ են կողմնորոշվում այս համակարգի հետ առնչվելիս, որն էլ առաջացնում է վախեր ու մտահոգություններ, կասկած՝ ցանկացած որոշման հետ կապված»,- նկատում է Մուշեղ Հովսեփյան և փորձում կետ առ կետ բացատրել, թե ինչու են այսքան շատ խնդիրների բախվում հաշմանդամություն ունեցող անձինք։

Ոլորտի բացերը սկզբից մինչև վերջ

«Ոլորտի խնդիրները սկսվում են առողջության պահպանման առաջնային օղակից, որտեղ բժիշկները մարդուն՝ իրենց ներքին համոզմամբ՝ ոչ օրենսդրությամբ, ուղղորդում են ասելով, որ անձի հաշմանդամությունը այս կամ այն խմբի է համապատասխանում, թեև այդ բժիշկները չունեն բժշկասոցիալական վերաբերյալ եզրակացություններ անելու համար անհրաժեշտ փորձ և գիտելիքներ»,- ասում է Հովսեփյանը և մատնանշում հաջորդ բացերը՝ «դրանք ենթաօրենսդրական, իրավական ակտերն են, որոնք վերաբերում են այս ոլորտին՝ ուղեցույցներ, Կառավարության որոշումներ։ Դրանք բարդ հասկանալի են բժշկափորձագիտական ոլորտում փորձ չունեցող մարդկանց համար։ Իսկ սա այն ոլորտն է, որը պետք է ամենապարզը և հասկանալին լինի մարդու համար։ Դա չի ենթադրում, որ ընթացակարգերը չպետք է լինին։ Բոլոր անձինք պետք է հասկանան իրավական ակտերը։

Բժշկասոցիալական փորձաքննության խնդիրները գալիս  են հաղորդակցությունից

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահն ասում է, որ սովորաբար մարդիկ չեն վստահում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներին, և ինչ որոշում էլ հանձնաժողովը կայացնի՝ իրենք թերահավատ են։

«Հանձնաժողովի անդամները շատ հաճախ չունեն հաղորդակցության անհրաժեշտ հմտություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելու համար։ Այստեղ շատ կարևոր է արժանապատվության նկատմամբ հարգանքը, որովհետև անձը ունի իր վերաբերյալ ձևավորված կարծիք և շատ նուրբ է այն սահմանը, որով անձին հնարավոր է վիրավորել հաղորդակցության ժամանակ։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի անձը վստահի և տրամադրել բավարար ժամանակ ամբողջ գործընթացը բացատրելու, ներկայացնելու համար։ Իսկ այսօրվա համակարգը այսպիսին չէ»,- ասում է Հովսեփյանը։

Օրենսդրական անկատարություն

«Փոփոխված օրենսդրությունը պիտի արդեն գործեր։ 2021 թվականին ընդունվեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքները, որոնք ենթադրում էին համակարգի ամբողջական վերանայում, և բժշկական մոդելից անցում հաշմանդամության սոցիալական մոդելի գնահատում։ Դա ենթադրում էր, որ 2021 թվականի սեպտեմբերից պետք է համակարգը վերանայված լիներ, բայց Կառավարությունը օրենքով նախատեսված ժամկետներում չկարողացավ իրականացնել այդ բարեփոխումը»,- պատմում է Մուշեղ Հովսեփյանը՝ շեշտելով, որ ՀՀ Կառավարությունն առանց հիմնավորումների օրենքում փոփոխություն արեց՝ այն հետաձգելով մինչև 2023 թվականը։

«2023 թվականի կեսերին մենք կունենանք նոր գնահատման համակարգ, որն ավելի համապարփակ է դիտարկում անձին, այլ ոչ թե հատվածաբար՝ ինչպես այսօր։ Այսօրվա համակարգը կենտրոնանում է անձի միայն մեկ խնդրի վրա, իհարկե , հաշվի առնելով երկրորդային հիվանդությունները, բայց դրանք էական ազդեցություն չեն ունենում գնահատման արդյունքի վրա»,-հավելում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահը։

Հաշմանդամություն ունեցողների անհատական դեպքերի ուսումնասիրությունը

Մուշեց Հովսեփյանի գնահատմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձի կոնկրետ դեպքի ուսումնասիրությունը չափազանց կարևոր է, և դա միշտ պետք է անել, երբ կա բողոք։  «Պետք է խրախուսել, որ հաշմանդամություն ունեցող անձինք բողոքարկեն իրենց համար ոչ դուրեկան բոլոր որոշումները՝ վերադասության կամ  դատական կարգով։ Եվ, իհարկե, միշտ չէ, որ դրանք կարող են բավարարել անձի ակնկալինքերը։  Վերափորձաքննությունը կամ հսկողական փորձաքննությունը, վերադասության կարգով այլ բողոքարկումները կամ էլ դատական կարգով բողոքարկումները պետք է իրականացվեն և դրանք հավելյալ երաշխիք են, որպեսզի կայացվի օրենսդրությանը համապատասխանող որոշում»։

Հաշմանդամության կարգի տրամադրումը և կոռուպցիոն ռիսկերը

«Այս համակարգը այնքան արատավոր է, այնքան բարոյազուրկ, որ կոռուպցիան ամենաարմատացածն է։ Հույսեր չկան, որ հնարավոր կլինի կոռուպցիան նվազեցնել կամ գրեթե բացառել։ Սա ենթադրում է մի կարգավիճակ, որը պետք է տրամադրվի անձին և անձը ստանա ծառայություններ կամ արտոնություններ, որը շատ գրավիչ է դառնում գործարքի գնալու համար, և՛ որոշում կայացնողների, և՛ քաղաքացիների համար։ Այս պարագայում կառուպցիան դառնում է դժվար բացահայտելի»,- մատնանշում է Մուշեղ Հովսեփյանը և սրա լուծումը տեսնում աշխատանքը կոռուպցիան ռիսկերի վրա, որոշումներ կայացնողների բարեվարքության գիտելիքների բարձրացումը, ինչպես նաև քաղաքացիների իրազեկվածությունը իրենց  իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնդիրները

«Բժշկասոցիալական փորձաքննության խնդիրների թնջուկը հատկապես կապված  է զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ, որովհետև այս խումբը ունի հավելյալ արտոնություններ և այս համակարգը շատ ավելի զգայուն է, քան հաշմանդամության մյուս խմբերի դեպքում»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը։ Կան դեռևս 2019 թվականից քրեական գործեր՝ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ, որոնց խնդիրը հաշմանդամության կարգը 2-րդից 3-րդ դարձնելը, կամ ընդհանրապես հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելն է եղել։

Ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահի՝ տվյալ անձինք որպես զինվորական  հաշվառված էին բնակարան ստանալու ցուցակներում, բայց պետությունը չկարողանալով լուծել հարցը՝ տվյալ անձանց զրկել է հաշմանդամության կարգից։ Մուշեղ Հովսեփյանը թեև վստահ չէ, բայց վերափորձաքննությունների այսքան շատ փոփոխությունները այնպիսի տպավորություն են թողնում, որ այսօր էլ քիչ չեն այսօրինակ խնդիրները։

Հովսեփյանը պնդում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց տարբերությունը միայն կարող է լինել այն, որ անձը հաշմանդամություն է ձեռք բերել զինվորական ծառայության ընթացքում, բայց հաշմանդամների իրավունքների տեսանկյունից որևէ տարբերակում չպետք է լինի։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահի դիտարկմամբ՝ 2021 թվականին, երբ ճանաչում էին զինվորական ծառայության ժամանակ ձեռք բերված հաշմանդամության կարգերը, շատ պոպուլիստական որոշումներ էին կայացնում՝ ամբոխներին հաճոյանալու, սոցիալական դժգոհություններ չառաջացնելու վախից դրդված։ Եվ դրանով է բացատրում այսօր առկա բազմաթիվ բողոքները, երբ վերանայվում այդ անձանց հաշմանդամության խմբերը։

Նշենք՝ սրանք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից ընդամենը մի քանիսն է։ Իսկ թե ինչ կփոխվի և որքանով կբարերլավվի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը, երբ 2023 թվականից կսկսի գործել օրենքը՝ ժամանակը ցույց կտա։

Զրուցեց՝ Հայկ Մագոյանը