Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՆԳՆ ստեղծելով, միանգամից լուծելու ենք մի քանի հարցեր. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ մենք միանգամից կլուծենք մի քանի կարեւոր խնդիր: Այս մասին այսօր «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ կսահմանվեն Ներքին գործերի նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրերի պատրաստման նոր համակարգ:

«Ներքին գործերի նախարարությունը, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին: Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարեւոր սկզբունքներից մեկն է: Ներքին գործերի նախարարության ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլեւ կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին եւ հաշվետվողականության ավելացմանը»,- ասաց Քոչարյանը և նշեց, որ այս եւ այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից համակարգում ծառայության անցնելը կդարձնեն ավելի գրավիչ, իսկ մյուս կողմից էլ՝  պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա:

Քոչարյանի խոսքով՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրերի՝ անվտանգության ոլորտին վերաբերող բարեփոխումների հատվածում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ոստիկանության ռեֆորմները՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման առաջնահերթությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է Պարեկային ծառայության ստեղծումը, որն արդեն արդյունավետ գործում է մայրաքաղաքում եւ որոշ մարզերում:

«Վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվել են նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ եւ ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Իսկ լսումների նպատակն էլ հանրությանն այդ կարեւոր բարեփոխումներին մասնակից դարձնելն է»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և օրենսդրական փաթեթի մշակմանն աջակցելու համար շնորհակալություն  հայտնեց միջազգային կառույցների գործընկերներին:

Հիշեցնենք՝ խորհրդարանական լսումներ են տեղի ունենում Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու համար։ 2003 թվականին Ներքին գործերի նախարարությունը միացվեց ԱԱԾ-ին և որպես առանձին գերատեսչություն դադարեց գոյություն ունենալ։