Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակության այցը Հայաստան (տեսանյութ)

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունը՝ տնօրեն, բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ։

Մայիսի 30-ին պատվիրակությանն ընդունեցին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ու ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը կարևորեց ԵՄ երկրների իրավապահ կառույցների հետ ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը։ Նշեց, որ Չեխիայի իրավապահների հետ Հայաստանի ոստիկանությունը արդյունավետ համագործակցում է 2014 թվականին Պրահայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունը ընդգծեց փոխգործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչն ուղղված է կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, կիբեռհանցավորության, ահաբեկչության, կոռուպցիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարին։

Հանդիպմանը ներկայացվեց ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների ընթացքը։ Կողմերը հույս հայտնեցին, որ 2021 թվականին ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագիրը նոր մակարդակի կբարձրացնի իրավապահ երկու կառույցների համագործակցությունը։

Նույն օրը Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր վարչության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր գնահատեց Հայաստանի և Չեխիայի իրավապահ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Ռադիմ Դրագունն իր հերթին պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը, ինչն ուղղված է հանցավորության դեմ պայքարին։

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով պայմաններ են ստեղծվում մասնագիտական սերտ կապերի համար, ինչպիսիք են՝ համատեղ աշխատանքների համաձայնեցումն ու կազմակերպումը, փորձագետների և մասնագետների փորձի փոխանակումը, աշխատանքային հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը և այլն։

Մայիսի 31-ին Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունն այցելեց ոստիկանության կրթահամալիր։ Կրթահամալիրի ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ չեխ գործընկերները շրջեցին կրթահամալիրի տարածքում, եղան ուսումնական կենտրոնում, մարզասրահներում և փորձակայանում, որտեղ ներկայացվեցին ուսումնական գործընթացի մանրամասներ։
Պատվիրակությունը եղավ նաև ոստիկանության պատմության թանգարանում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանի ոստիկանության 104-ամյա պատմությունն ու անցած ուղին։

Հունիսի 1-ին պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։