Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում (տեսանյութ)

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ։ Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Էվա Կոպաչը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները և աջակցություն հայտնել դրանց։ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցության առաջմղման առումով․ փետրվարին Երևանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովների նիստերը, ապրիլի վերջին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, իսկ մայիսի 18-ին նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման վերաբերյալ։ Հայկական կողմը ընդգծել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի համար կարևոր նշանակություն այս հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերի և զեկույցների ընդունման միջոցով Եվրախորհրդարանի արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպումներ է անցկացրել նաև Անդրեյ Կովաչևի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Եվրոպական խորհրդարանի այլ պատգամավորների հետ։ Եվրապատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նրան է շնորհել ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալ՝ Հայաստանի ու Եվրամիության միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրման համար։