Բնակվարձի սուբսիդավորում՝ մինչև 70 հազար դրամի չափով․ հայրենադարձության նոր ծրագիր (տեսանյութ)
«Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը ստացել է շուրջ 4000 դիմում, նամակագրություն, զանգ և այցելություն՝ հայրենադարձության գործընթացի տարբեր խնդիրներին վերբերող»,-Արմենպրեսի մամուլի սրահում ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում հայրենադարձության ցուցանիշները ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Ալեքսանյանը թվարկեց, որ խնդիրների մեծ մասը վերաբերել է քաղաքացիության ստացման, առողջապահության, կրթական, բիզնեսի տեղափոխման խնդիրներին և այլն։
«Այո, իհարկե, ռուս-ուկրաինական այս բարդ իրավիճակի հետ կապված՝ ակտիվացել է նաև Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից մեր հայրենակիցների Հայաստան ներգաղթի գործընթացը» ,-ասաց Ալեքսանյանը։
Նա ներկայացրեց նաև իրենց կառույցի կողմից իրականացվող հայրենադարձության ծրագրերը։
«Նախևառաջ «Քայլ դեպի տուն» ծրագիրն է, որը մեկնարկելու է հունիս-օգոստոս ամիսներին։ 400 մասնակից սփյուռքի տարբեր համայնքներից՝ 13-18 տարեկան պատանիներ, Հայաստանում կանցնեն ուսումնաճանաչողական ծրագիր»,- ներկայացրեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ 400 տեղի համար արդեն ունեն 950 դիմում։
Ալեքսանյանը առանձնահատուկ նշեց հայրենադարձության ինտեգրման կենտրոնի ծրագիրը։ Դրա նպատակն է մեկ պատուհանի սկզբունքով հայրենադարձության գործընթացի պարզեցումը։
«2021 թվականին մենք ունեցել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շուրջ 7300 հայրենակից աշխարհի 45 երկրներից»,-ասաց բանախոսը։
Ալեքսանյանը նշեց, որ նրանցից մոտ 2500-ը Ռուսաստանի Դաշնությունից է։ Երկրորդ տեղում է Լիբանանը՝ շուրջ 2000 անձ, այնուհետև՝ Իրան, Վրաստան, Սիրիա և ԱՄՆ։
«Անցած տարի շուրջ 2070 մեր հայրենակից ձեռք է բերել մշտական կացության կամ հատուկ կացության կարգավիճակ»,-նշեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմից դեռ շատ առաջ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ակտիվ կապի մեջ է եղել Ուկրաինայի հայկական համայնքների հետ՝ պատերազմի ամբողջ ընթացքում էլ այդ կապը պահպանվել է։ Առաջին եռամսյակային տվյալների համաձայն՝ ուկրաինական փաստաթղթերով շուրջ 6000 սահմանահատում է արձանագրվել։ Հովհաննիսյանը նշեց, որ նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներկայումս ԱՄՆ Հայ Ավետարանչական ընկերակցության հետ իրականցնում է Ուկրաինայից հայրենիք ժամանածների համար մի ծրագիր։ Այն ունի չորս բաղադրիչ՝ բնակվարձի սուբսիդավորում՝ մինչև 70 հազար դրամի չափով, ուսման վարձի սուբսիդավորում, աջակցություն առողջապահության հարցում և միանվագ աջակցություն։
Ըստ Հովհաննիսյանի՝ հանձնակատարի գրասենյակ է դիմել արդեն 80 ընտանիք։