Բացել լրահոսը Փակել լրահոսը
ծխող
A A
Պաշտոնական

Հանրային սննդի օբյեկտներում ծխելու մասին արգելքը չի՛ հանվելու․ ԱՆ-ն հերքում է

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա, ծխելու մասին արգելքը հանվելու է:

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ նման քննարկում չկա, օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ:

Առողջապահության նախարարությունը հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ ահազանգող քաղաքացիներին հայտնում է, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը. ենթակետի՝  ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) արգելվում է:

Նշված դրույթի կիրարկման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի: Ուստի, նման խախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել Ոստիկանություն:

ՀՀ Ոստիկանության թեժ գիծ՝ 102: