Նոր իրավակարգավորումներ Արցախում ռազմական դրության պայմաններում․ ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը նիստ է հրավիրել
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 22-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։
Օրակարգում ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր։ Այն ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նոր իրավակարգավորումներ՝ ռազմական դրության պայմաններում անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության նպատակով։
Օրինագծերի ընդունմամբ հնարավորություն կտրվի հարկադիր կատարման ծառայությանը Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված շրջանակներում և ծավալով իրականացնելու կատարողական վարույթի հետ կապված գործողությունները։
Օրինափաթեթն արժանացել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը և ընդգրկվելու է ԱԺ հերթական նիստի օրակարգում։
Օրակարգի երկրորդ հարցը ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումն էր, որը ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին