«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի առաջին թրեյնինգի մասնակիցներն արդեն աշխատում են
Աջակցիր «Ա1+»-ին«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ապրիլի 14-ին ամփոփել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (AWDA) շրջանակում իրականացվող կարողությունների զարգացման առաջին ծրագրերից մեկը։ Կրթական այս ծրագրերն ուղղված են երիտասարդների խրախուսմանն ու համապատասխան աշխատանքային հմտությունների տրամադրմանը։ 5 ամիս տևողությամբ դասընթացն իրականացվել է Վանաձորում գործող հոլանդական ArchiDutch ճարտարապետական ընկերության հետ համատեղ մշակված կրթական ծրագրով:
Դասընթացն օգնել է մասնակիցներին ձեռք բերել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև հաղորդակցման և թիմային հմտություններ, որոնց արդյունքում դասընթացի 11 մասնակիցներն ArchiDutch ընկերությունից ստացել են աշխատանքի առաջարկ։ AWDA ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս իրականացնում է 3D մոդելավորման և վեբ ծրագրավորման դասընթացներ՝ Լոռու մարզի ավելի քան 65 երիտասարդի համար։
Դասընթացներն իրականացվում են Toughbuilt Industries, Peyotto Technologies և Omnicode ընկերությունների հետ համատեղ: Առաջիկա հինգ տարիներին AWDA-ն 10 հազար երիտասարդների և կանանց կտրամադրի հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին, ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում աշխատանք գտնելու նպատակով։
Ծրագիրը սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց կարիքները և աջակցելու վերապատրաստման հարցում: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Հայաստանի Ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի և «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ