Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԴԿ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ՀԴԿ-ն լիակատար աջակցություն է հայտնում Արցախի ազատ կամարտահայտմանը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը վճռականորեն մերժում է ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումը՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ՝ անանուն միջազգային հանրության պահանջով: Կուսակցության հայտարարության մեջ նաև ասվում է․

ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած սույն մտադրությունը հիմնավորված չէ ոչ միայն ճշգրիտ և իրական փաստարկներով, այլև լիովին հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, պետական ուղեգծին, ինչպես նաև այն նախընտրական ծրագրի դրույթներին, որով ՔՊ-ն եկել է իշխանության: Բանակցային սեփական անկարողունակությունը, պարտվողականությունը անհնար է թաքցնել կեղծ վկայակոչումներով:

ՀԴԿ-ն ևս մեկ անգամ փաստում է՝ Արցախի Հանրապետությունը ճանաչված սուբյեկտ է Ադրբեջանի կազմից դուրս։ Դրա վառ վկայությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը առ այսօր չի հրաժարվել հիմնահարցի կարգավորման հիմքում ներառել նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը։

Այն պաշտոնյան, ով հրաժարվի պաշտպանել Արցախի հայության իր բնօրրանում ազատ, անկախ Ադրբեջանից ապրելու իրավունքը, ենթակա է պատժի՝ ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար և պաշտոնից հեռացմանը օրենքի ուժով։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որտեղ ամրագրված է համայն հայության միավորիչ գաղափաբանությունը. «Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել»։

Միանում ենք Արցախի մեր խորհրդարանականների օրինական պահանջին՝ Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն իրենց աղետալի դիրքորոշումից: Ոչ մի իշխանություն Հայաստանում և Արցախում իրավասու չէ անգո խաղաղության անվան տակ Արցախի անկախ կարգավիճակի սկզբունքից նահանջելու: Վերահաստատում ենք Արցախից հնչեցված միասնության կոչը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում միաբանվելու՝ «Ճանաչում հանուն փրկության» կարգախոսի ներքո։