Բացել լրահոսը Փակել լրահոսը
20220401_114758
A A
Պաշտոնական

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թ. ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում (Աբովյան 15/1) առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։ Միջոցառման կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև ճանաչված երաժիշտներ:

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին։ Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ:

«Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և խոցելի խմբերի երեխաներին մշակութային կյանքում ինտեգրելու համար: Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիակ Արտ» ընկերությունը և «ՀԵՀԵՄ» գրասենյակը։