Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակակոռուպցիոն կոմիտե
A A
Պաշտոնական

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Վանաձորի սպասարկում ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ն, նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ի և Տ.Մ.-ի օժանդակությամբ Վանաձոր քաղաքի մի խումբ անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` գերեզմանատանը նրանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել և ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով ստացել է խոշոր չափերով կաշառք:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով Վանաձորի սպասարկում ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ն 06.04.2022թ.-ին ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը ձերբակալվել են նաև նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ն և Տ. Մ.-ն: Վերջիններս կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: Հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։

07.06.2022թ.-ին Վանաձորի սպասարկում ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Է. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` վերը նշված հանցագործությունների և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Կարևորելով հանցագործությունների կանխարգելման գործում քաղաքացիների իրազեկվածության դերը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանի համար 2.5, իսկ ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածքները տրամադրվում են բացառապես անվճար հիմունքներով (Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին օրենք, հոդված 10, մաս 3-րդ):

            Ըստ այդմ` ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մնացած բնակավայրերի (այդ թվում` Վանաձորի) գերեզմանատներում անվճար հիմունքներով տրամադրվող հողատարածքների դիմաց քաղաքացիներից վճարներ պահանջելն ու գանձելն անօրինական արարք է և հանգեցնում է քրեական պատասխանատվության: Ի դեպ, անօրինական է համարվում և քրեական պատասխանատվություն է առաջացնում նաև քաղաքացիների կողմից հիշյալ տարածքները ձեռք բերելու դիմաց օրենքով չնախատեսված վճարումներ կատարելը, ինչը տվյալ դեպքում կարող է դիտվել որպես կաշառք տալ: