Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_3117
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԼՂ հիմնախնդրի վերջնական լուծումը ՄԽ համանախագահության շրջանակում պետք է լինի. Սիմոնյանը՝ Իտալիայի ԱԳ նախարարին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին` հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի:

Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձեւերի եւ հայտարարությունների համար:

Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբեւեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը:

Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաեւ Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի եւ հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ: