A
A
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների շրջանակը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը:
«Եվրամիությունը Բրյուսելում կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ առաջ մղելու համատեղ ջանքերը՝ գտնելու երկու երկրների միջև մի շարք հարցերի լուծումները: Մասնավորապես, քննարկումները կենտրոնացել են Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 2022 թվականի ապրիլի 6-ին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Մասնակիցները համաձայնել են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները: «Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին: Եվրամիությունը շարունակում է հանձնառու լինել՝ շարունակելու իր ներգրավվածությունը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ: