Բացել լրահոսը Փակել լրահոսը
Matevosyan
A A
Պաշտոնական

Ինչ են Դուբայում քննարկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները` խարսխված հայ և արաբ ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա:

Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին կարևորել է երկու երկրներում առկա ներդրումային հնարավորությունների մասին տեղական գործարար շրջանակներին տեղեկացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ տնտեսական բաղադրիչը առանցքային նշանակություն ունի երկկողմ համագործակցության համար:

Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը: Որպես առանցքային փաստ՝ արձանագրվել է 2021թ-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և «Էյր Արաբիա»-ի միջև կնքված պայմանագիրը՝ ազգային ավիաընկերություն ստեղծելու վերաբերյալ:

Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու նպատակով կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի` Աբու Դաբիում անցկացումը, ինչը կարևոր պայման է երկկողմ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել Երևանում` 2019թ-ի մայիսին:

Զբոսաշրջության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից կարևորվել է 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը` ինչպես Աբու Դաբի, այնպես էլ դեպի Դուբայ և Շարժա ու հակառակ ուղղություններով չվերթները:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «ExpoDubai-2020» ցուցահանդեսին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական համագործակցության զարգացման համար և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄԷ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության համար: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը։