Բացել լրահոսը Փակել լրահոսը
276240051_340368504801640_2422612467734419180_n
A A
Պաշտոնական

Ներկայացվել է սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկը

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում մշակված «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության և սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի» ներկայացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նախարարության և միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներ, սոցիալական աշխատանքի մասնագիտական համայնքի, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է դեպքի սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունը՝ ընդհանրական սխեման, մակարդակները, գործիքների փաթեթները, դեպք վարողի գործառույթները և այլն։

Անդրադառնալով սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացմանն ուղղված ծրագրերի արդյունքներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ տվյալ ձեռնարկը և գործիքները առաջիկայում գործնական կիրառություն կունենան Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռիի, Շիրակի մարզերի միասնական սոցիալական ծառայության և համայնքների սոցիալական աշխատողների կողմից, որի արդյունքում փաստաթղթերը կամբողջացվեն․

«Հուսով ենք, որ պիլոտային ծրագրի արդյունքում մենք կունենանք վերջնականորեն հղկված փաստաթղթեր, որոնք արդեն որպես մեթոդական ուղեցույց և գործիքներ կներդրվեն սոցիալական աշխատանքի և դեպքի վարման համակարգում»։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝  ԱՍՀՆ հետ գործընկերությամբ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ։