Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ու՞մ երկրի ԱԳ նախարարն է Արարատ Միրզոյանը․ քաղաքագետ (տեսանյութ)

Ես չեմ կարծում, որ այստեղ կա ռացիոնալիզմի էլեմենտ։

«Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, եթե Ռուսաստանը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունից։ Նա նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչու պետք է ՌԴ-ն դուրս գա իր համար կարևոր հարթակից։

«Ես չեմ կարծում, որ դա խելամիտ մոտեցում է, բայց ապրում ենք մի դարաշրջանում, որ ցանկացած դատողություն անհրաժեշտ տեխնոլոգիաների կիրառման միջոցով սկսվում է հանրայնացվել։ Չեմ կարծում, որ Ռուսաստանն իր առջև նման օրակարգ ունի, ընդհակառակը՝ ՌԴ-ն ակտիվացնելու է իր ներգրավվածությունը, որովհետև ռուս-ուկրաինական ճգնաժամն ուղղված է Ռուսաստանի դերակատարման մեծացմանը և նոր աշխարհակարգի ստեղծմանը»,- նշում է քաղաքագետը՝ շեշտելով, որ Ռուսաստանը իր ուժի և իր ազդեցության ոլորտների վերաբաշխում և ռեստարտ է սկսել։

Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ վատագույն սցենարի դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ, որովհետև այն ձևավորվել է Արցախի մանդատով զբաղվելու, Արցախի խնդիրը դիվանագիտական գործիքներով լուծելու ուղղությամբ։

«Դա կլինի աղետաբեր։ Այսինքն՝ այն գործընթացը, որը տեղում իրականացնում է ՀՀ իշխանությունը՝ սպասարկելով Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր քմահաճույքները Արցախի և ոչ միայն Արցախի մասով, այս մակարդակում, եթե փոփոխություն լինի, ապա մենք կունենանք նաև միջազգային հարթակում մեր շահերի համար ծայրահեղ իրավիճակ։ Խոսքը հայկական պետականության և պետության գոյության հեռանկարի մասին է, ոչ միայն Արցախի»,- պարզաբանեց քաղաքագետը՝ նշելով, որ Արցախը մեր պետականության գոյության բանալին էր։

 

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ առաջարկություններ է ներկայացրել հայկական կողմին։ Հայաստանը դրան հակադարձել է, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ ՌԴ-ն պաշտոնապես հայտարարել է, որ վաղ է խոսել դրա մասին։ Ի վերջո՝ կքնվի՞ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, և այն ձեռնտու կլինի՞ նաև ռուսական կողմի համար, քաղաքագետն ի պատասխան նշեց, որ ինքը չի հասկանում, թե ինչու՞ է ՀՀ ԱԳՆ-ն դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասով։

«Իրավունքի և դիվանագիտական մանդատի տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խումբը նման լիազորություններ չունի։ Ես կարող եմ հասկանալ՝ ինչու են դիմել, որպեսզի խնդիրն առկախված չլինի միայն ռուսական միջնորդությունից՝ փորձում են դիվերսիֆիկացնեն։ Դա հիմնական դաշնակցի կողմից ընկալվում է։ Եվ իրենք հասկանում են, որ հայկական կողմը փորձում է խորամանկել, որովհետև ակնհայտ է մեկ իրողություն՝ այսօր ռեգիոնում այդ թվում Հայաստանի չցեղասպանվելու միակ գործող ուժը ՌԴ-ն է»,- պարզաբանեց քաղաքագետը և հավելեց․ «Ադրբեջանը շատ հարցերում ընդհանրապես չի բանակցում Հայաստանի հետ»։

Վերադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, Ալեն Ղևոնդյանն ընդգծեց․ «Դա Հայաստանի կապիտուլյացիայի և Հայաստան պետության չգոյության պայմանագիր է։ Ադրբեջանը ձևակերպել է իր բոլոր շահերը և ամեն կերպ ճնշելու է, որ այդ պայմանագիրը իրողություն դառնա»։

Քաղաքագետը, հիշեցնելով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե «իրենք առարկություններ չունեն», հարց է հնչեցնում՝ ո՞ւմ երկրի ԱԳ նախարարն է Արարատ Միրզոյանը, արդյո՞ք ինքը կապ ունի ՀՀ շահերի հետ։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, Ղևոնդյանն ասաց, որ վաղ է խոսել այդ պայմանագրի մասին, և նշեց, որ դիրքորոշումը իրատեսական է։

Մանրամասները՝ տեսանյութում։