Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Դիտվել է ռեկորդային քանակի ձյուն․ ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին չի բարձրանալու

Մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ առատ ձյան տեղումներով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։ Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։

Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100սմ-ի և ավելին։

Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի: Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։

Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։ Առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։