Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր Հասարակություն

 «Խոսքն ինձանից դուրս չգա»․ իջեւանցիները՝ իշխանությունների, գնաճի եւ հոգսերի մասին

«Երեք պատերազմ տեսած կնիկ եմ, ես ինչ, իմ  կերածը հեչ ա, չուտեմ էլ, պյան չի լի»,- Իջեւանի մթերային խանութներից մեկում սեւազգեստ կնոջ պատասխանն է հարցին, թե նկատե՞լ է գնաճ նախորդ օրերի համեմատ։

70-անց  կինը, որը դեռ չի կողմնորոշվել՝ ինչ դնել զամբյուղում, ասում է՝ ամիսը հազիվ երկու  անգամ է գալիս խանութ առողջական խնդիրների պատճառով եւ չի կարող համեմատել գները։

 Իջեւանի  Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հարևանությամբ կանաչեղեն է վաճառում Միխայիլ պապը։  Կանաչ սոխն իր աճեցրածն է, մնացածը վերավաճառում է՝ ամեն  կապին 20-30 դրամ ավելացնելով։  Օրինակ՝ մեկ կապ համեմը վաճառում է 150 դրամով։

 Անկախ եղանակից այստեղ է, քանի որ, իր բառերով, անհնար է պետությունից ստացած 29300 դրամ թոշակով ապրել. հատկապես վերջին օրերին որոշ ապրանքներ կրկնակի թանկացել են․ «Հիմնականում, գների պահով լոգիկա չկա։ Ձեթը բարձրացրին, ալյուրը․․․»։

«Ալյուրը մեկ էլ 10000 դրամ դառավ՝ 25 կիլոն:  Բայց ինչի՞ ․․․»,- շարունակում է պապն ու ենթադրում, որ պատճառը միայն ռուս-ուկրաինական պատերազմը չի․ «Խոսքն ինձանից դուրս չգա, մեծ խանութներում ալյուր ծախողները վերավաճառք են անում»։

Միխայիլ պապը կանաչեղենը վաճառում է նույն գնով, ինչպես մեկ շաբաթ առաջ։  Նույնիսկ այս դեպքում գնորդները շատ չեն։

«Մի ժամանակ  մոտենում էին,  առնում ամեն բան, հիմի չեն գալի: Անցած տարիներին մի մեքենա կանաչի էի բերում, մի շաբաթում ծախում, բայց հիմի չի գնում»,- պատմում  է նա։

Իսկ  գնաճը  դեռ  ինչքա՞ն կշարունակվի։

«Չես կարա իմանաս: Գիտես ինչ, եթե սենց ա, պիտի հող ունենաս, ու դու ցանես, որ ապրես ամառը, աշունքը»,- ասում է Միխայիլ պապն ու ցավով ավելացնում, որ հող մշակողները քիչ են։

Ի տարբերություն մարտի առաջին տասնօրյակի, երբ  հրմշտելով, նույնիսկ իրարից ապրանք փախցնելով՝ Իջեւանի սուպերմարկետներում առեւտուր էին անում, հիմա խանութներում հանգիստ է։  Այլեւս ալյուրն ու շաքարավազը սահմանափակ քանակությամբ չեն վաճառում, բայց  գները բարձրացել են․ 1 կգ շաքարավաը 410 դրամի փոխարեն դարձել է 470 դրամ։

                «Անտեր երկիր ա, ով ինչ ուզըմ ա, էն էլ անըմ ա»

«Ամեն տեղ ա սհե, ցավդ տանեմ։ Որ տեր լի, սհե չի լի։ Դե որ աշխատանք լի, իմ րեխեն քյա աշխատի մի հիմնարկըմ, ես էլ ստի թացըմը կղնիլ չեմ էլի, իմ թոշակը կստանամ, տանը կնստեմ էլի»,- ասում է  Իջեւանի շուկայում աշխատող կինը եւ ուղղում ոտքերի տակ փռված ստվարաթուղթը, որ ձնհալից գոյացած ջուրը ոտքերը չթրջի։ Շուկայի մի անկյունում նա վաճառում է տնական ձու, պանիր, կանաչեղեն։

-Ձուն ի՞նչ արժի։

-60 դրամ։

-Բա չի՞ թանկացել։

-50 ենք ծախիլիս լել, հմի 60 ա դառել էլի։ Ընդով 40 վեր էինք ունըմ, 50 ծախմ, հմի 50 վեր ենք ունըմ, 60 ծախըմ։

-Իսկ ինչի՞ հետ է կապված թանկացումը։

-Որովհետև ցորենը տյառել ա 240 դրամ, թանկացել ա, կերի հետ էլի․․․

-Պանիրն էլ է  թանկացե՞լ։

-Պանիրը նոր չի, աշունքվանից ա, կաթը որ պակաս ա, խոտը թանկ ա լել։ Խոտ չի լել, պանիրը տրա հմար ա թնգացել։ Մի տուկը 2000 դրամ ա, ապրանքի տերն էլ ա մեղկ էլի։ Էսօրվա դրությամբ գյուղի  ամեն ինչը ամենաէժանն ա ու ամենաորակովն ա, բայց սկի մտիկ էլ չեն անըմ, խանութներից փոշու պանիրն առնըմ են 2500-2700-ով, տնական արդար պանիրը 1700-ով առնըմ չեն։

-Իսկ ո՞ր կաթի փոշուց են սարքում, ինչո՞ւ են թանկացնում:

-Դե հիմա, պետական ի՞նչը տհենց չի, ամեն ինչն ա, իրանցը թանկ ա, ժողովուրդինը՝ էժան։

-Իսկ չե՞ք կարծում, որ թանկացումները ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանք են։

-Չէ, էդքան պատերազմի հետ կապ չունի։ Կապը գիտես ոնց ա, ուղիղ ասեմ, որ ասենք ռուբլու, դոլարի կուրսը փոխվել  ա։ Հա, պակասությունն էլ հասկանանք, բայց դե առիթն էլ են օգտագործում էլի։ Մտնես խանութըմ մի տեղ  4600 ա  10 կգ պեսոկը, մի տեղ 4800 ա, մի տեղ 5000 ա, մի տեղ 5300 ա։ Հմի տյա հու պետական գին չի, տյա ով վէնց ուզըմ ա, անտեր երկիր ա, էն էլ անըմ ա։

-Այսինքն՝ պետությունն էլ իր մեղավորությունն ունի՞․․․

-Բա ամենամեծ մեղավորությունը պետությանն ա, խեղճ ժողովուրդն ի՞նչ անի։

-Ձերը միայն այս աշխատա՞նքն է։

-Հա, բա էլ ուրիշ ինչ կա, շուկայի աշխատողինը մենակ էս ա։ Հիմա սպասըմ ենք, հույսերնուս քցել ենք, ասըմ ենք՝ բյալքի կյարունքանա, էս կռիվնին պրծնի, միգուցե, կանոնավորվի։

                     «Ես որ խոսամ, շատ պյան դեմ խոսալ»

Բողոքելով հանդերձ ապրանքների գների թանկացումից՝  իջեւանցիները հրաժարվում են խոսել տեսախցիկի առաջ, լուսանկարվել, հարցազրույց էլ տալիս են անանուն։

«Ես որ խոսամ, շատ պյան դեմ խոսալ, լյավն էն ա՝ պյան չասեմ»,- ասում  է «Պահեստ» սուպերմարկետում առեւտուր անող միջին տարիքի կինը։  Նա գների թանկացման համար մեղավոր է համարում իշխանություններին։

«Իշխանությունն ա մեղավոր։ Մեզ խաբեց, էկավ նստեց, հըմի էլ ինչ ուզըմ անըմ ա։ Ժողովրդի մեղքը մենակ էն ա, որ իրան վստահեց,- ասում է իջեւանցի կինը ու շարունակում,-Պատերազմն իրա հերթին․․․ Ռուբլու կուրսն էլ ընգել ա։ Բայց առիթից  էլ օգտվըմ են, աղջիկ ջան»։

                                   Միսը թանկացել է

Իջեւանի մսի վաճառքի կետերից մեկում վաճառողը բողոքում է գնորդների պակասից։

«Մարդկանց ձեռին փող չկա։ Էն վախտ, որ առիթին մարդ մի 7-8 կիլո միս էր առնըմ, հմի 3-ն ա առնըմ»,- ասում է նա։

Մսի գինը նախորդ ամսվա համեմատ աճել է․ 1կգ խոզի միսը վաճառվում է 3500 դրամով՝ նախկին 2500 դրամի փոխարեն։

Ասում է` պատճառը սպանդանոցների ծառայությունների գներն  են, որոնք էլ տրանսպորտային ծախսերի հետ  գումարվելով՝ բերում  են մսի թանկացման։ Հիշեցնենք` 2020թ․ հուլիսի 1–ից  հանրապետությունում թույլատրվում է վաճառել միայն լիցենզավորված սպանդանոցներում մորթված կենդանիների միսը։

                         «Ով սոված ա մնում, փոխում ա»

Իջեւանի շուկայի դիմաց գործող արտարժույթի փոխանակման կետի այցելուները հատուկենտ են։  Այստեղ 1 ռուսական ռուբլին փոխանակվում է 4․04 դրամով։ Իջեւանի տարածաշրջանի գյուղերում արտագնա աշխատողները շատ են, ովքեր ընտանիքներին ռուբլի են ուղարկում։  Բայց ռուբլին դրամի վերածողները քիչ են։ Փոխանակման կետի աշխատողն ասում է․ «Դե, ով սոված ա մնում, փոխում ա, ինչ անեն։ Ով էլ կարում ա, պահում է, որ հետո փոխի, երբ կուրսը կբարձրանա»։

Գարնանացանի մեկնարկի հետ գյուղացու հոգսերն ավելացել են։   Գյուղապետարաններում սուբսիդավորված   մեկ  պարկ  պարարտանյութը վաճառվում է 2000 դրամ ավելի թանկ ( 7500դրամի փոխարեն 9500 դրամ)։ Իսկ շուկայում գինը կրկնակի է՝ մեկ պարկը՝ 19000դրամ։

Ռոզա Բաղրամյան

Նելի Գասպարյան

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողներ