Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (1)
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի «Ի աջակցություն ռուս զինվորականների» ակցիայի հետ

Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի ռուսական լրատվամիջոցներով տարածված՝ «Ի աջակցություն ռուս զինվորականների» անունը կրող ակցիայի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ հավելելով՝ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի՝ (մեջբերում) «հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների»։(մեջբերման ավարտը):

Բացի այդ՝ համաձայն Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 56.1 հոդվածի՝ (մեջբերում) եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է համայնքի ղեկավարի տեղեկացմամբ:

Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով (մեջբերման ավարտը): Նշված տարբերակներից որևէ մեկով Երևանի քաղաքապետարան ոչ ոք չի դիմել: