Բացել լրահոսը Փակել լրահոսը
kav.thumb
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Խերսոն, Զապորոժյե, Խարկով. եթե ընկնեն, եթե այս տարածքներում Ուկրաինան պարտվեց, Կիևն իրականում երկրորդային է դառնում. Կարեն Վրթանեսյան

Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին «Ա1+»-ի հարցերին պատասխանել է  ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: 

 

Արդյո՞ք ինչպես 44-օրյա պատերազմում թուրք գեներալներն էին գաղտնի օգնում ադրբեջանցիներին, կա հավանականություն, որ մասնավորապես ամերիկացիներն են գաղտնի օգնում ուկրաինացիներին՝ նաև իրենց մարդկային ռեսուրսով

Ես կարծում եմ, որ որոշ խորհրդատուներ կլինեն: Հարց է, թե ինչ մակարդակով՝ գեներալների, թե ավելի ցածր: Հաստատ կլինեն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների միջև կապն ապահովող մարդիկ: Կլինեն ռազմական ատաշեներ և ոչ միայն, բայց դա ինչքանով է խորը և համատարած՝ դժվար է ասել: Համենայնդեպս, Ռուսաստանի հայտարարություններում շեշտադրումներ չկան այդ մասին: Եթե Ռուսաստանի ձեռքում քիչ թե շատ ապացուցելի փաստեր լիներ այդ մասին, հաստատ կհայտնեյին:

Մինչ պատերազմը սակայն, կային բազմաթիվ խորհրդատուներ, այդ թվում Թուրքիայից: Կարծեմ դեռ 2019-ի վերջին, Թուրքիան սկսեց բայրաքթարներ վաճառել Ուկրաինային: Սկսեցին արագ պատրաստել ուկրաինացի ԱԹՍ-ի օպերատորներ: 2021-ի աշնանն արդեն ուկրաինացիները տեսանյութեր էին տեղադրում, որտեղ բայրաքթարներով հարվածում էին Դոնեցկի ուժերին: Շատ մեծ ոգևորություն կար, այդ թվում արևմտյան լրատվամիջոցներն էին թմբկահարում թեման: 

Բայրաքթարների՝ գրեթե անխոցելի լինելու միֆը ցնդե՞ց: 44-օրյայից հետո, նեղ փորձագիտական շրջանակներում խոսում էին, որ  ապագայում ԱԹՍ-ների դերը պատերազմերում որոշիչ է լինելու

Արցախյան պատերազմում բայրաքթարների դերը կտրուկ ուռճացվել էր: Իրականում կռվում էր հրետանին, հարվածներ էին հասցվում հեռահար միջոցներով, այդ թվում և անօդաչուներով: Կարևորագույն դերը հրետանունն էր: Ի դեպ, ուկրաինական այս պատերազում, շատ քիչ են վկայությունները անօդաչուների կիրառման մասին, մանավանդ Ռուսաստանի կողմից: Հայտարարվեց 7 թե 9-ը ուկրաինական անօդաչուի խոցման մասին, բայց պարզ չէ, դա բայրաքթար է թե՝ ոչ: Սակայն, պատերազմի դեռ 4-րդ օրն է և վաղ է եզրակացություններ անել:  

Ուկրաինային հատկացվելու են նաև Javelin շարժական հակատանկային հրթիռային համակարգեր: Շատ այլ զինատեսակների մասին է խոսվում: Որքանո՞վ են իրենց որակով զիջում դրանց ռուսական համարժեքները... Կարո՞ղ ենք խոսել ռազմական բալանսի խախտման մասին, հաշվի առնելով ոչ միայն կողմերի արսենալում ունեցած քանակը, այլև որակը

Բալանսը չի հաշվվում կոնկրետ զինատեսակով, այլ որոշվում է այդ ամենի համակարգված օգտագործմամբ: Իրականում, Ուկրաինայում բալանս լինել չի կարող: Ուկրաինայի ստորաբաժանումների մեծ մասն այսօր արդեն մարտի մեջ են: Ռուսաստանն առնվազն երեկվա դրությամբ, Ուկրաինայի շուրջ կուտակած իր ամբողջ զորքը՝ ասում են մոտ կեսը, այժմ գուցե արդեն ավելին՝ կիրառել է, բայց դեռ բավականին ռեզերվ ունի: Ուկրաինայի իշխանություններն ուզում են ռուսական զորքերին ներքաշել քաղաքային մարտերի մեջ: Ռուսները դրանից խուսափում են, դատելով առ այսօր կատարվածից: Եթե սկսվի «սիրիաիզացիա», ապա Ռուսաստանը կխրվի ճահիճի մեջ: Ռուսաստանում դա շատ լավ հասկանում են և առավելագույնս փորձում են խուսափել: 

Ավելին ասեմ, Ուկրաինայում հիմա լրիվ խախտվել է մատակարարումը, կա պարենի և առաջնային անհրաժեշտության ապրանքների խնդիր:  Նույնիսկ, եթե ռուսական կողմը չմտնի էլ այդ քաղաքներ, ապա շուտով այնտեղ հումանիտար ճգնաժամ է սկսվելու: Ուկրաինայում արդեն կազմակերպված դիմադրություն շատ տեղերում չկա: Վիճակը բարձիթողի է: Բնակչությանը զենք են բաժանում, ինչը ես մեղմ ասած՝ շատ լուրջ սխալ եմ համարում: Խաղաղ ու անպատրաստ բնակիչները, եթե հարձակվեն անցնող ռուսական զորքերի վրա…. դա կարող է բերել շատ լուրջ կորուստների՝ խաղաղ բնակչության շրջանում:  


Կիևի համար մարտերը շարունակվում են… հաշվի առնելով երկու բանակների անհամադրելիությունը, ինչ կարող ենք ասել՝ ուկրաինացիներն են ավելի լավ պատրաստված, թե՞ Ռուսաստանը դեռ չի օգտագործել իր ողջ ռազմական պոտենցիալը

Ես կարծում եմ դա քարոզչական միֆ է, որը հիմա տարածում է հենց անձամբ Զելենսկին: Նա ասում է, թե իբր ռուսների հիմնական թիրախը Կիևն է: Ռուսները պլաններ ունեին այն երրորդ օրը գրավելու ու քանի որ նրանց մոտ չի ստացվել՝ ուրեմն տապալվել են: Վստահ եմ , որ երեք օրում Ուկրաինան գրավելու գաղափարներ չեն եղել: Ավելին՝ Ռուսաստանի շահերից չի բխում հենց հիմա մտնել և խրվել Կիևում՝ անիմաստ , անկազմակերպ, չհամակերպված մարտերի մեջ: 

Ռուսների խնդիրը մի քանի հանգույց այնտեղ փակելն է: Այս փուլում, ռուսական կողմի հիմնական թիրախները հարավում և հարավ արևելքում են, որովհետև դրանով կտրելու են Ուկրաինան ծովից: Շրջապատելու են Ուկրաինայի ամենամարտունակ ստորաբաժանումները, որոնք արդեն ութ տարի է կռվում էին Դոնբասի դիմաց: Հիմա, հենց հիմնական իրադարձություններն այդտեղ են տեղի ունենում: Իհարկե, ամբողջ մեդիա աղմուկը Կիևի շուրջ է, բայց կարծում եմ, մոտակա օրերին իրադարձությունների էպիկենտրոնը լինելու է՝ Խերսոն, Զապորոժյե, Խարկով հատվածում: Խարկովում և Խերսոնում մարտեր են ընթանում, իսկ Զապորոժիեյին արդեն մոտենում են, տեսանյութեր կան: Եթե այս տարածքներում Ուկրաինան պարտվեց, Կիևն իրականում անկարևոր է: