A
A
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը դիմում է հայ ժողովրդին
Աջակցիր «Ա1+»-ին«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
2022թ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Պուտինի և Ալիևի միջև ստորագրվել է դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր: Հռչակագրում առկա 43 դրույթներից շատերը ամբողջապես հակասում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի պետական և ազգային շահերին: Դեռ ավելին՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի որոշ դրույթներ ամբողջապես անհամատեղելի են դարձնում դե ֆակտո գոյություն չունեցող, սակայն, դե յուրե պայմանագրով ամրագրված հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները:
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, ուսումնասիրելով ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը, խստորեն դատապարտում է Հայաստանի նորանկախ պատմության բոլոր իշխանությունների և ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնության կողմից տարվող ազգակործան քաղաքականությունը, որով նրանք երեսուն տարուց ավելի խաբում են հայ ժողովրդին՝ Հայաստանի թշնամիներին ներկայացնելով որպես դաշնակիցներ և բարեկամներ:
Երեսուն տարի վարած խաբեության, կեղծիքի քաղաքականությունը հայ ժողովրդին և հայոց պետականությանը պարբերաբար կանգնեցրել է արհավիրքների առաջ, որոնցից ամենակործանարարը և արյունալին 2020թ-ի արցախյան 2-րդ պատերազմում կրած պարտությունն էր:
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը դիմում է հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր գնահատում և արժևորում են ազատ լինելու և անկախ պետականություն ունենալու վեհագույն հնարավորությունը, կոչ անելով՝ առերեսվել ճշմարտության հետ, թույլ չտալ, որպեսզի Հայաստանում գոյություն ունեցող թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր դաշտում հանդես եկող քաղաքական ուժերի մեծամասնությունը շարունակի կեղծել իրականությունը, խաբել հայ հասարակությանը, Հայաստանի թշնամիներին ներկայացնել որպես դաշնակիցներ և այդպիսով, Հայաստանը վերջնականապես տանել կործանման:
Նման քայլերի շարունակականության պարագայում անհնար է դառնալու պահպանել անկախ պետության մեջ ազատ ապրելու իրավունքն ու հնարավորությունը: Հայոց պատմության ցավալի էջերն են փաստում, թե քանի անգամներ է հայ ժողովուրդը զրկվել պետականությունից՝ հայ քաղաքական դաշտի դավաճանների սխալ վարած քաղաքականության արդյունքում: Սակայն միշտ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել վերականգնելու սեփական պետությունը: Բայց, եթե Խորհրդային Միության օկուպացիոն տարիներին, «երկաթե վարագույրը» խոչընդոտում էր ԽՍՀՄ քաղաքացիներին լքել սեփական հայրենիքը կամ ծննդավայրը, և մարդիկ չէին կարող լքել օկուպացված Հայաստանը, ապա հիմա, երբ սահմանները բաց են և ազատ, հայոց պետականության ինքնիշխանության կորուստի դեպքում՝ հայ մարդիկ կլքեն Հայաստանը, և տարիների ընթացքում ամբողջապես կդատարկվի մեր հայրենիքի վերջին հողակտորը, որտեղ բնակություն կհաստատեն տարաբնույթ ժողովուրդներ: Այդպիսով կիրականա ռուս-թուրքական վաղեմի երազանքը՝ Հայաստանն առանց հայերի: