Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ին Հայաստանում եւ Արցախում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գեղեցիկ եւ յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: 

Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, տոնից անմասն չի մնում նաեւ խորհրդարանը. յուրաքանչյուր տարի այստեղ ավանդաբար գրքեր են նվիրում ու ստանում: Օրվա առթիվ օրենսդիր մարմին էին այցելել Երեւանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Խորհրդարանի հյուրընկալ գրադարանում նրանց դիմավորել, ընթերցանության կարեւորությանն են անդրադարձել ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները:

Միջոցառումն անցել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, պատգամավորներն ու աշակերտները գրքախառնվել են, ասմունքել Հովհաննես Թումանյանի քառյակներից: Խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության կարեւորությունը` պատանիներին հորդորելով անդադար սովորել եւ չդադարել երազել, իսկ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է` այսօր պետության կողմից արվում է ամեն ինչ` ստեղծելու համար այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան ստանալ բավարար կրթություն` իրենց երազանքներն իրականացնելու եւ պետությունը զարգացնելու համար:

«Ասա` ինչ գրքեր ես կարդում, կասեմ, թե ով ես դու», հայտնի ասացվածքը ձեւափոխելով` ասել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընդգծելով ճիշտ գրքեր ընթերցելու կարեւորությունը: «Ինչպես ընտրում եք ընկերներ, այնպես էլ ընտրեք գրքեր»,- պատանիներին հորդորել է նա:

«Ամեն ինչ, ամեն լավը, ինչ կա աշխարհում, մարդիկ փորձել են զետեղել գրքերում: Այն, ինչը որ դուք հետագայում փորձելու եք ստեղծել, այդ ամենի հիմքը գիտելիքն է, ինչն ամփոփված է գրքերում»,- նկատել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում: Նշենք, որ Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին: