«Ֆիզմաթ-Արմենիա» թիմը միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է 2-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինԱ. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Մրցույթը, որին մասնակցել են թիմեր Հայաստանից, Մալայզիայից, Ավստրալիայից և Ուզբեկստանից, կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։ Մրցույթին ներկայացված 124 նախագծերից ժյուրին ընտրել էր 54 լավագույն աշխատանքները, այդ թվում՝ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմի երկու նախագծերը, որոնք ներկայացրել էին 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը և 11-րդ դասարանի սան Գևորգ Սարգսյանը:
Եզրափակիչ փուլ անցած 5 նախագծերի թվում էր նաև հայկական թիմի նախագծերից մեկը։ Ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն առցանց հանդիպում են ունեցել եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց նախագծերը և ցուցադրել դրանց աշխատանքը։
Ժյուրին մասնակիցներին հարցեր է ուղղել օգտագործված տեխնիկայի, տեխնոլոգիաների և ծրագրերի, ինչպես նաև նախագծերի հետագա զարգացման ու կատարելագործման մասին։ Հայկական թիմը պատվով է ներկայացել միջազգային հարթակում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։