Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խաժակյան
A A
Քաղաքականություն

Կարծում եմ՝ այս քվեարկությամբ Ալիևը իմացավ... Խաժակյան

Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵԽԽՎ-ն փաստորեն բարձր գնահատական է տվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածությանը: Այն, որ մենք դեռ կայացման ճանապարհին ենք, դա փաստ է, անցումային շրջանը դեռ չի ավարտվել, բայց հայաստանյան ընդդիմադիր պատվիրակի քվեարկության պատկերը որևէ մեկնաբանություն չի փարատում:

50 պատվիրակ կողմ է քվեարկել զեկույցին, 14-ը՝ դեմ: 14 դեմ քվեարկած պատվիրակներից 6-ը Ադրբեջանից էին, 6-ը Թուրքիայից և 1-ը ՀՀԿ-ից: Եթե իմ քաղաքական մշակույթը համապատասխաներ ՀՀԿ-ական մշակույթին, ապա ես կպնդեի, որ Մամիջանյանը «թրքացել» է, կամ կատարել «իր տերերի պատվերը»: Իրենք Հայաստանի ներսում հենց այսպիսի բառամթերքով են քննադատում այլ ուժերի, այդ թվում և մեզ:

Փաստացի ՀՀԿ-ականները պնդում են, որ մեր պետության համար վատ է, երբ եվրոպական երկրները դրական վերաբերմունք ունեն հայաստանյան ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Երևի իրենք ուզում են, որ Հայաստանը իզգոյացվի և ճանաչվի ոչ ժողովրդավարական պետություն, բայց այդտեղ ո՞րն է Հայաստանի շահը ես չգիտեմ: Այդ քվեարկությունը ուներ ներքաղաքական տրամաբանություն, ինչը փաստում է, որ այդ ուժի համար առաջնայինը պետության շահը չէ, այլ իրենց նեղ քաղաքական շահը, ինչպես որ եղել է միշտ:

Պարզ է, որ հաջորդ խորհրդարանում իրենք էլ չեն լինի, բայց այս խայտառակ քվեարկությունը կմնա արձանագրված: Վեհաժողովը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծումը անհարաժեշտություն է և պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այս ձևակերպման համար տևական աշխատանք է կատարել Էդմոն Մարուքյանը, ում պաշտոնավարման օրոք սկսել էր շրջանառվել այս նախագիծը:

Ի դեպ այդ ձևակերպման դեմ մեծ պայքար էին մղում ադրբեջանցի պատվիրակները և հավանաբար հենց այդ պատճառով էլ դեմ են քվեարկել զեկույցին: Արցախի հարցով այս արձանագրմանը ՀՀԿ-ի դեմ քվեարկելն էլ նշանակում է, որ իրենց բոցաշունչ տեքստերը իրականում Արցախի մասին չեն, այլ ընդամենը ներքաղաքական շահարկումներ են, որտեղ կարևորը ռևանշն է, ոչ թե պետության շահը:

Հիշում ենք նաև, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ընդդիմադիրները հայտարարեցին, թե Բաքվի բռնապետ «Ալիևը պետք է իմանա», որ այլևս Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը ազգային է և պայքարող: Կարծում եմ՝ այս քվեարկությամբ Ալիևը իմացավ...»։