Բացել լրահոսը Փակել լրահոսը
Օրացույց_հունվարի_12ը_Ես_մականունավոր_մարդ_չեմ_Վլադիմիր_Գաս
A A
Հասարակություն

Օրացույց․ 12-ը հունվարի․ Ստեփանակերտում թերթիկներ են տարածվում`բնակչությանը կոչ անելով մինչև հունվարի 20-ը լքել Ղարաբաղը․1991 (տեսանյութ)

1991-ի այս օրերին կտրուկ սրվում է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։ Հայաստանում այդ առիթով տեղի են ունենում բողոքի գործողություններ։ Ադրբեջանի ղեկավարության հրահանգով Ղարաբաղի Շահումյանի շրջանը միացվել է հարեւան Իսմայիլովյան շրջանին։ Ստեփանակերտում թերթիկներ են տարածվում, որով տեղի հայ բնակչությանը վերջնագրով կոչ է արվում մինչեւ հունվարի 20-ը լքել Ղարաբաղի տարածքը։ Այս առթիվ բողոքում է նաեւ Հայաստանի Կոմկուսի ղեկավարությունը։ Վերջիններս խոստանում են ամեն ինչ անել, որպեսզի ապահովեն ղարաբաղի հայ ազգաբնակչության կյանքն ու գույքը։

Իրավաբան Պուշկին Սերոբյանը դատի է տվել Ազգային հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրին։ 1998-ի այս օրը դատարան են ներկայացել ծրագրի ղեկավարն ու լրագրող Արտակ Ալեքսանյանը։ Սերոբյանն Ալեքսանյանին մեղադրում է նախորդ տարվա օգոստոսի 4-ի իր ասուլիսն օբյեկտիվ չլուսաբանելու եւ իր անձը վիրավորելու համար։ Ասուլիսին ներկայացել էր Գայանե Փայտյանը, տեքստը գրել է Արտակ Ալեքսանյանը, խմբագրել է Հրայր Զորյանը, վիրավորվել է Պուշկին Սերոբյանը: Դատարանում քննվող ռեպորտաժը չի էլ ցուցադրվում։

Կոմկուսը 1999-ի այս օրը հավաքվել է կառավարության մոտ Արեւմուտքի հանդեպ իշխանությունների շողոքորթ վերաբերմունքին վերջ տալու պահանջով։ Ըստ կոմունիստների, Հայաստանում սակագները բարձրանում են հենց արեւմուտքի պահանջով։ Իսկ երբ կոմունիստները վերադառնան իշխանության, դրան վերջ կտրվի։

2001-ի այս օրը Հայաստանի մի շարք հեռուստաընկերությունների եթերում այս պատկերն է 20։00-ից մինչեւ 20…45-ն ընկած ժամանակահատվածում։ Այս եթերադուլի ընթացքում չեն աշխատում նաեւ ռադիոընկերությունները։ Նրանք այսպես են բողոքում երեք ամիս առաջ խորհրդարանի ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի դեմ, քանի որ բողոքի մյուս ձեւերն արդյունք չեն տվել։ Լրատվամիջոցները վախ ունեն, որ իշխանություններն այս օրենքով ցանկացած պահի կարող են եթերազրկել ցանկացած հեռուստաընկերություն։

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2001-ի հունվարի 12-ին ներկայացնում է Երեւանի նոր քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին։ Նախորդն Ալբերտ Բազեյանն էր։ Նախորդ տարվա դեկտեմբերին նախագահը պարոն Բազեյանին կշտամբել էր՝ փողի վրա նստած փող եք ուզում։ Մեկ տարի առաջ քաղաքապետ նշանակված Ռոբերտ Նազարյանը 2002-ի այս օրը խոստովանում է, որ փող աշխատելն այս պաշտոնում առանձնապես հեշտ չէ։ Նա բնակիչներին խնդրում է վճարել կոմունալ պարտքերը եւ չբարդացնել քաղաքապետարանի աշխատանքը։ Էլեկտրատրանսպորտի աշխատանքն էլ է մազից կախված, այնտեղ էներգետիկներին պարտքը հասնում է մոտ 1 միլիարդ դրամի։ Չնայած իր անզորությանը, քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ։

2010-ի հունվարի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Լեւոն Զուրաբյանը թալիբների հարձակում է որակում երկու օր առաջ տեղի ունեցած խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում իշխանությունների գազանությունները Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը պարտվեց իշխանության թեկնածուին։

2012-ի այս օրը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ակտիվորեն համակարգն ազատում է սպառված եւ ավելորդ մարդկանցից։ Ինքը շարունակելու է փոփոխությունները եւ զարմացած է, որ արդեն արված պաշտոնանկությունների լավ արդյունքը լրագրողները չեն տեսնում։ Ի դեպ, ոստիկանապետը հակված էր խոսել իր հասցեին արվող մականուններից, օրինակ, ֆիքսից։

2012-ի այս օրերին սկսվում է Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկայի ավերումը։ Փոխարենն ինչ է կառուցվելու, ոչ ոք դեռ չի կարող ասել։ Նկարահանումներն արգելում են ։ Շուկայի պատասխանատուն հերքում է, որ քանդվող տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի են կառուցում։ Առայժմ խոսք չկա նաեւ, թե ով է այս ամենը նախաձեռնել, ո՞վ է նոր օբյեկտ դարձող շուկայի իրական տերը։