Բացել լրահոսը Փակել լրահոսը
597241912_1174352144819971_5008301904336931319_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսն ընդունեց քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ քահանաներին

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի հոկտեմբերի 26-ին Միածնաէջ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանի:
 
Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով իր հայրական պատգամն ու օրհնությունը։
 
Նորին Սրբությունը, անդրադառնալով քահանայական կոչմանը և տերունապատվեր առաքելությանը՝ պատգամեց նորաօծներին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել իրենց ծառայության վայրերում հայորդիների հոգիներում զորացնելու հավատը, հույսն ու սերը և առաջնորդելու միաբանությամբ կարևոր նպաստ բերելու Առաքելական Մայր Եկեղեցու պայծառությանը և Հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին։
 
Հայոց Հովվապետը քահանաներին հորդորեց Եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերների ու դժվարությունների հանդիման աննկուն մնալ, խոհեմությամբ և քաջաբար հաղթահարել դրանք` անձնվիրաբար իրենց ծառայությունը բերելով իրենց ապագա համայնքներում։
 
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր և Սուրբ Հաղորդության մասնատուփեր: