Կառլսենը շախ հայտարարեց ՖԻԴԵ-ին
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը երեկ իր գործակալ Էսպեն Ագդեյնշտայնի օգնությամբ նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, որի մեջ հայտնել է, որ իր համար նպատակահարմար չէ մասնակցել 2011 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման համար ընտրական մրցաշարին: Այն պետք է կայանա եկող տարվա գարնանը, Կազանում: Այդ մասին տեղեկացնում է chessvibes կայքէջը:
Մինչեւ նոյեմբերի 1-ը աշխարհի լավագույն շախմատիստ համարվող նորվեգացին կարծում է, որ ՖԻԴԵ-ն պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլոր թեկնածուների համար` արտոնություն չտալով անգամ աշխարհի գործող չեմպիոնին:
Մագնուս Կառլսենը օրինակ է բերել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 4 տարին մեկ, ընդ որում` ընտրական մրցաշարին մասնակցում է նաեւ աշխարհի գործող չեմպիոնը:
ՖԻԴԵ-ն հաստատել է, որ նամակ է ստացել նորվեգացի գրոսմայստերից, սակայն որեւէ մեկնաբանույուն չի տվել: «Մենք այդ հարցը կքննարկենք աշխարհի առաջնության կազմկոմիտեի առաջիկա նիստին», - տեղեկացրել է ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Դեւիդ Ջարեդը: