Զիդանը հաշտվեց Մատերացիի հետ
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զենեդին Զիդանը, որը ներկայումս օգնում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչին, չեմպիոնների լիգայի «Միլան» - «Ռեալ» խաղի օրը հյուրանոցում պատահաբար հանդիպել է իտալական «Ինտերի» պաշտպան Մարկո Մատերացիին:
Ինչպես վկայում են իսպանական «Մարկա» թերթի լրագրողները, ոխերիմ թշնամիները սկզբում բարձր տոնով են խոսել իրար հետ, սակայն հետո նրանց խոսակցությունը գնալով ավելի ջերմ բնույթ է ստացել, իսկ հրաժեշտ տալուց առաջ Զինեդին Զիդանը որպես հաշտության նշան գրկել է իր նախկին մրցակցին:
Հիշեցնենք, որ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի դրվագներից մեկում երկու ֆուտբոլիստները լեզվակռվի էին բռնվել, որն ավարտվել է նրանով, որ Զինեդին Զիդանը գլխով ուժեղ հարվածել է իտալացի ֆուտբոլիստի կրծքին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը դրա համար հեռացվել էր դաշտից, իսկ նրա թիմը 11 մ հարվածաշարով զիջել է Իտալիայի հավաքականին: