Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դեռևս առկա են բազմաթիվ հարկ վճարողներ, ովքեր ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ (տեսանյութ)

Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։ Չկատարված դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ և կայացվում են գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ։

Պարտավորությունների գանձման որոշումները չկատարվելու դեպքում և անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման համար։ Վճարումների գործընթացն արագ կազմակերպելու համար ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային կառավարման համակարգ։ Արդյունքում՝ էլեկտրոնային եղանակով կհարուցվեն վարչական վարույթներ և կկայացվեն որոշումներ չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ։

Էլեկտրոնային եղանակով իրականացվող վարույթի փաստաթղթերը կտեղադրվեն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում։ Սակայն այս եղանակով, եթե հարկ վճարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի իրազեկվում՝ վարույթի փաստաթղթերը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլ․ փոստով։

Օրենսդրական փոփոխությամբ դրոշմանիշային վճարները նախկինում եղած 1000 դրամի փոխարեն այժմ հաշվարկվում են պրոգրեսիվ սանդղակով։ 2019-2021 թթ. հարուցված վարչական վարույթների արդյունքում կայացվել են 3477 գանձման որոշումներ և վերականգնվել է ավելի քան 1 մլրդ 233 մլն դրամ գումար։ 2019 թվականին 237 որոշումով վերականգնվել է 155 մլն, 2020 թվականին 1012 որոշումով՝ 167 մլն, իսկ 2021 թվականին կայացված 2228 որոշումների արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 910 մլն դրամ։

Այդուհանդերձ ՊԵԿ տեղեկատվական բազայում դեռևս առկա են բազմաթիվ հարկ վճարողներ, ովքեր ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնում է՝ եթե որոշմամբ չկատարված պարտավորության գումարը գերազանցում է մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամը, հարկային մարմինը կարող է իրականացնել գույքի արգելադրման աշխատանքներ։ Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է՝ պատշաճ կատարել դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունները և խուսափել խնդիրներից։