Կառավարության գործունեությունը կործանարա՞ր է
ՀՀ արտաքին պարտքը 2010 թ. հուլիսի դրությամբ հասել է 3 մլրդ դոլարի։ Դա արձանագրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: ՀՀ պետական պարտքից 2,5 մլրդ դոլարը (82,8 տոկոսը) բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, իսկ 520 մլն դոլարը (17,2 տոկոսը)՝ Կենտրոնական բանկին:
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ), ուսումնասիրելով 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, եզրակացրել է, որ շարունակվելու է Հայաստանի քաղաքացիների ստրկացման գործընթացը` կախվածության մեջ պահելով նրանց եւ գալիք սերունդներին Հայաստանի խոշորագույն վարկատու համարվող Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ընկերակցությունից, որին մեր երկիրը պարտք է 1,1 մլրդ դոլար, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը մեր վարկատուների շարքում երկրորդն է՝ 640 մլն դոլար: Հայաստանը պարտք է նաեւ Ռուսաստանին` 500 մլն դոլար, Ճապոնիային՝ 331 մլն դոլար, Ասիական զարգացման բանկին՝ 131 մլն դոլար, Գերմանիային՝ 121 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 58,5 մլն դոլար, ԱՄՆ-ին՝ 33 մլն դոլար, ՕՊԻԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դոլար:
Ըստ ՀՌԱԿ-ի` պաշտոնական հաշվարկները փաստում են, որ Հայաստանը պետական պարտքի մակարդակով արդեն հասել է շատ վտանգավոր կետի: Նրանք զարմացած են, թե ինչու են 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում ավելացրել ՀՀ Կենտրոնական բանկի ծախսերը, քանի որ նա է հիմնական պատասխանատուն տնտեսության ողբալի վիճակի` ինֆլյացիայի, գնաճի, բանկային բարձր տոկոսադրույքների եւ այլնի համար:
«ՀՀ կառավարությունը 2010թ. հուլիսին ընդունել է 2011-13 թվականների պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր, որով նախատեսվում է արտաքին պետական պարտքը առաջիկա տարիներին բարձրացնել եւ 2013-ին հասցնել 4 մլրդ. դոլարի` ներկայիս 3-ի փոխարեն: Ցինիզմը հասել է այն աստիճանի, որ ՀՀ կառավարության հրապարակած ծրագրում ձեւակերպված չէ, թե ինչ նպատակով են վերցվում պարտքերը` տնտեսությո՞ւնը զարգացնելու, թե՞ կուտակված վարկերի տոկոսները փակելու համար»,- ասված է նրանց հայտարարության մեջ:
Կուսակցությունը կարծում է, որ կառավարությունը չունենալով որեւէ պատկերացում տնտեսության զարգացման մասին, պարզապես գումարներ է վերցնում, ինչպես, օրինակ, ռուսական վարկը. «Ամենազավեշտալի մասն այն է, որ դրանից 40 մլն դոլար տրամադրեցին «ՀայՌուսգազարդին», որի 80%-ը պատկանում է ռուսական կողմին, ու այդ ձեռնարկությունն ուղղակի կարող է վարկ վերցնել ռուսական որեւէ բանկից կամ հենց նույն հոլդինգի մեջ գտնվող Գազպրոմբանկից:
Պարզից էլ պարզ է, որ գազի գինը հետագայում նորից թանկացնելու համար կեղծ պատրվակներ են ստեղծում ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդի» հետ միասին»:
ՀՌԱԿ-ը հպանցիկ համեմատություն անելով նախորդ կառավարությունների հետ, փաստում է, որ ներկայիս կառավարությունը զբաղված է հանրային վնասարարությամբ, եւ նրա գործունեության յուրաքանչյուր օրը կործանարար է պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար: