«Գոյատեւման բյուջե» (տեսանյութ)
«2011 թվականի պետական բյուջեն գոյատեւման բյուջե է, բայց ոչ թե երկրի, այլ կառավարության գոյատեւման` ընդ որում, հոգնած կառավարության»,- նման գնահատական տվեց այսօր Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ՀՀ վարչապետի կողմից աննախադեպ համարվող բյուջեի նախագծին:
Բագրատ Ասատրյանի վրա մեծ տպավորություն չի գործել 2011թ. բյուջեի նախագիծը, որը շարունակվում է քննարկվել ԱԺ-ում:
Չնայած 2011թ բյուջեն կառավարության կողմից գնահատվել է սոցիալական, սակայն տնտեսագետի պնդմամբ` այն խնդիրները, որոնցով տառապում է ՀՀ քաղաքացին, մասամբ են լուծվելու: Ըստ նրա` որակական փոփոխություն չի լինելու, ուստի ՀՀ քաղաքացիները նորից իրենց բախտը որոնելու են դրսում:
«Այս կառավարությունն անգամ չի ուզում աշխատել: Այս տիպի կառավարությունները ստեղծվում են յոլա տանելու համար»,- ասաց նա:
Բագրատ Ասատրյանը կետ առ կետ խոսեց կառավարության ծրագրի գերակայություններից: Մասնավորապես նշեց, որ 2011-ի բյուջեով կրթության ոլորտի ծախսերը կրճատվում են 14.5 տոկոսով: Գերակա կետերից քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության խնդրին անդրադառնալով` փաստեց, որ առաջին հայացքից բյուջեի նախագծով սոցիալական ծախսերի 7.7 տոկոսով աճ է նախատեսվում, սակայն սպասվող գնաճը այս պահին 7.8 տոկոս է. «Այսինքն` թոշակառուները 0.1 տոկոսով ավելի վատ են ապրելու, քան նախորդ տարի»:
Ի դեպ, ԿԲ նախկին նախագահը անդրադարձավ երեկ հրապարակված ԱՎԾ տնտեսական ցուցանիշներին: Նա համեմատություն անցկացնելով` փաստեց, որ այս տարվա ութ ամիսներին աճի տեմպերով մենք վերջից երկրորդն ենք ԱՊՀ երկրներում, գերազանցում ենք Ղրղզըստանին:
«Մտահոգիչ է գնաճը, տարին կփակենք 10 տոկոս գնաճի ցուցանիշով: Բարձր գնաճն հաջորդ տարվա տնտեսական զարգացումների վրա ազդեցություն կունենա»,-եզրափակեց Բագրատ Ասատրյանը:
Ասուլիսից հետո քաղաքացիների շրջանում արված հարցումները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացիները եւս ոգեւորված չեն 2011թ ՀՀ բյուջեի նախագծից: «Ասում են մեծացել է, բայց հասարակ քաղաքացիներիս` ի՞նչ»,- դժգոհեց մի կին:
Հարցվածներից Սերգեյ Վարդանյանը նշեց, որ բյուջեի ավելացումից պետք է ուրախանան նախարարները, քանի որ հենց նրանց գրպանի վրա կզգացվի դա: Մեկ այլ քաղաքացի, 63-ամյա Գառնիկ Սարգսյանն էլ փաստեց, որ գները օր-օրի թանկանում են, բյուջեն ինչքան էլ մեծանա, չի լրացնի այդ ավելացումները: