Բացել լրահոսը Փակել լրահոսը
զանգ 1
A A
Հասարակություն

Շորթում՝ հեռախոսազանգով․ այն, ինչ տևական ժամանակ տեղի է ունենում արտերկրում, հասավ Հայաստան

Հանրապետությունում տեղի են ունենում հեռախոսային խարդախության դեպքեր, երբ հանցագործները, ներկայանալով որպես բանկի աշխատակից, փորձում են բավականին մեծ գումարներ կորզել մարդկանցից։ Ինչպես մեր հերոսի, այնպես էլ շատ քաղաքացիների դեպքում թեև բանկերի անունները և գումարի չափերը տարբեր են, սակայն զանգողները ներկայանում են որպես բանկի աշխատակից, խոսում են ռուսերեն և փորձում զրուցակցին համոզել նրանց հայտնել բանկային քարտի կամ հաշվի տվյալները` այսպիսով գումարներ շորթելով բնակիչներից:

«Ա1+»-ին ահազանգող քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ, որ հրապարակենք իր անունը, պատմեց, որ իրեն զանգել են տարբեր մարդիկ և ասել, որ իր հեռախոսահամարից քիչ առաջ իրենց զանգ է գնացել և ռուսախոս ինչ-որ տղա փորձել է տեղեկություն ստանալ իրենց բանկային քարտի հաշվի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ տվյալ հաշվի հետ կապված խնդիրներ են առաջացել` հստակ նշելով տվյալ անձի անուն-ազգանունը և այն բանկի անունը, որից վերջինս օգտվում է:

Մարդկանց ինքը խորհուրդ է տվել ոչ մի տվյալ չփոխանցել զանգողին. «Ինձ զանգողները ասում էին, որ ռուսալեզու մի տղա ներկայանում է ՎՏԲ բանկից և փորձում է իմանալ էդ մարդկանց հաշվեհամարը»։

Այնուհետև նա դիմել է բջջային սպասարկման կենտրոն, որպեսզի տեղեկություն ստանա իր ելքային ու մուտքային զանգերի վերաբերյալ: Եվ որքան էլ զարմանալի է, այնտեղից տեղեկացրել են, որ իր հեռախոսահամարից տվյալ ժամանակահատվածում հեռախոսազանգեր չեն իրականացվել։

Խնդրի անհասկանալի կողմերը պարզելու համար զրուցել ենք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ում խոսքվ երևույթը տևական ժամանական է, ինչ գործում է արտերկրում, և ահա այն հասել է նաև մեզ․ «Վիշինգ (vishing) կոչվող խարդախությունները տարածված են ամբողջ աշխարհում: Զանգը կատարվոմ է ինտերնետի միջոցով, այդ իսկ պատճառով զանգը կեղծվում է և հեռախոսահամար չի ֆիքսվում, որ այդ համարից ելքային զանգ է եղել. զանգ ընդունողը նույնպես չի կասկածում, որ իրեն իրական համարից չեն զանգում»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք միայն հափշտակության մասին է այստեղ խոսքը, թե՞ առավել վտանգավոր պահեր էլ կան` բանկիչների կյանքի և անվտանգության տեսանկյունից, Մարտիրոսյանը նշում է․ «Սա հասարակ գողություն է, չէի ասի, թե ավելի խորը խնդիրներ կարող են լինել այս ամենի տակ։ Ամբողջ աշխարհում արդեն երկար ժամանակ է, ինչ գործում է այս մեխանիզմը գումաներ շորթելու և կարծում եմ, որ այդ տեղական զանգերը, որոնց վերաբերյալ ահազանգել են քաղաքացները, այստեղից չեն կատարվում: Ռուսալեզու լինելը ոչինիչ չի նշանակում՝ կարող է դրսից էլ հայալեզու զանգ լինել»։

Մեդիափորձագետը հորդորեց բնակիչներին ոչ մի դեպքում բանկային և անձանական տվյալներ հեռախոսազանգի միջոցով չփոխանցել:

«Եթե կա անհրաժեշտություն կամ որևէ կասկած, ապա անձը պետք է զանգ տա բանկ, բանկի աշխատակցի հետ ճշտի տեղեկությունը»,-խորհուրդ տվեց մեդիափորձագետը:

Նշենք, որ հանցագործները, ամենայն հավանականությամբ, չգիտեն, թե որ բանկից եք դուք օգտվում, պարզապես հաշվի առնելով, որ խոշոր բանկերն ունեն ավելի շատ հաճախորդներ, ընտրում են ամենախոշոր բանկերն ու ներկայանում որպես դրանց աշխատակից՝ հույս ունենալով, որ զրուցակիցը դրանց հաճախորդ կլինի։ Եվ որքան էլ խարդախությամբ զբաղվողները համոզիչ թվան, երկար ժամանակ զրուցեն ձեզ հետ՝ փորձելով շահել ձեր վստահությունը, այդուհանդերձ հիշեք, որ բանկի իրական աշխատակիցները երբեք չեն պահանջում հեռախոսով տրամադրել ձեր հաշվեհամարները և PIN-կոդերը։