Ուեյն Ռունին կորցնում է հովանավորներին
Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կնոջը դավաճանելու հետ կապված սկանդալի պատճառով արդեն կորցրել է իր երկու հովանավորներին:
Նրա ծառայություններից հրաժարվել են հանրահայտ «Կոկա Կոլան» եւ ասիական Asia Pacific Breweries գարեջուր արտադրող ընկերությունը: Առաջինը իր ապրանքի գովազդման համար անգլիացի ֆուտբոլիստին վճարում էր 600 հազար ֆունթ սթեռլինգ, իսկ երկրորդը` 300 հազար:
Իր հերթին Ուեյն Ռունին հրաժարվել է երկարաձգել «Մանչեսթր Յունայթեդի» հետ կնքած պայմանագիրը, որը ավարտվելու է 2012 թվականի հունիսին: Նա դժգոհ է մնացել իրեն առաջարկված նոր աշխատավարձի չափից` 7,8 մլն ֆունթ սթեռլինգից (այժմ նա տարեկան ստանում է 4,16 մլն):
Հարկ է նշել, որ վերջերս բավական սրվել է հարձակվողի եւ «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հարաբերությունները, որը այս մրցաշրջանում նրան հիմնականում հայտավորում է պահեստայինների կազմում: Ըստ անգլիական լրատվամիջոցների, առաջիկա ձմռանը Ուեյն Ռունին հավանաբար կտեղափոխվի Իսպանիա: Նրան ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալը» եւ «Բարսելոնան»: