Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ԿՈՐՑՐԱԾԻ ՀԱՄԱՐ

Հասարակություն

Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը դատարանին վերստին փորձում էր ապացուցել, որ մինչ ոճրագործությունը իր ներկայությամբ սպանությունների հարցը չի քննարկվել. «Սպանություններ նախատեսված չեն եղել, եւ ես դրանց մասին չեի կարող տեղյակ լինել»:

Նրա տրամաբանությամբ, ինքը չէր կարող ունենալ ակտիվ դեր «27»-ի ոճրագործության «մտահղացումը ծնելու եւ իրականացնելու մեջ», քանի որ «մտահղացումը ծնվում է մեկ մարդու գլխում եւ դա Նաիրի Հունանյան էր»:

Էդիկ Գրիգորյանը անհիմն որակեց այն մեղադրանքը, որ ինքը Դերենիկ Բեջանյանին ներգրավել է այդ գործում:

Իսկ ինչու՞ ինքը, տեսնելով ԱԺ-ում կատարվածը, զենքը վայր չի նետել, չի կրակել Նաիրի Հունանյանի վրա: Այս հարցին ամբաստանյալը պատասխանեց. «Պետք էր այնտեղ լինել պատկերացնելու համար»:

Էդիկ Գրիգորյանը կարծում է, որ ինքը ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպված է գործել, որպեսզի «սպանվածների թիվը չավելանա»:
«Տուժողներից ոչ մեկն ինձանից չի դժգոհել», - հայտարարում է ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվող բժիշկը:

Իր պաշտպանական ճառում Էդիկ Գրիգորյանը հարկ համարեց անդրադառնալ նաեւ փաստաբան Աշոտ Սարգսյանի այն հայտարարությանը, որ իբր նա խաբված է. «Առողջապահության նախարարի աթոռի փոխարեն նստած է ամբաստանյալի աթոռին»: Բժիշկ ամբաստանյալն ուներ իր քաղաքական բացատրությունը. «Թույլ տնտեսություն ունեցող մեր երկրի համար առողջապահության նախարարությունը ճոխություն է»:
Սակայն Էդիկ Գրիգորյանը չթաքցրեց, որ ինչ-որ բաների համար ափսոսում է, օրինակ` «իր երեխաների կորցրածի համար»:

Իդեպ, նա բացառում է այլ մարդկանց մասնակցությունն «27-ի» ոճրագործությանը, քանի որ ինքը վարձու զինվոր չէ: