Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ուրարտու» ՖԱ-ն հավերժացնում է ֆուտբոլիստներին ու պատերազմի հերոսին (տեսանյութ)

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում այսօր ուշագրավ հուշահամալիր բացվեց։ Կենտրոնում գտնվում են հայկական ֆուտբոլի լեգենդներ Հովհաննես Զանազանյանի և Արկադի Անդրիասյանի բրոնզե կոթողները։ Աջից մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Գրիգորյանի, իսկ ձախից՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրին է։

Միջոցառման հյուրերի համար նախ կազմակերպվեց կինոդիտում՝ նվիրված անվանի ֆուտբոլիստներին և ակումբի հիմնադրին ու նախկին աշխատակցին։ Ապա տեղի ունեցավ հուշահամալիրի բացման պաշտոնական արարողությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Ելույթ ունեցան նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Եզրափակիչ խոսքով հանդես եկավ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը։

Միջոցառմանը ներկա էին «Արարատ-73» լեգենդար թիմի անդամներ Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, նախկին ֆուտբոլիստներ, «Ուրարտուի» ներկայիս ֆուտբոլիստներ, սպորտային աշխարհի ներկայացուցիչներ և այլոք։

Այնուհետև, ակումբի մարզահամալիրում բացվեցին 2 նոր խաղադաշտեր, որտեղ հիմնականում մարզումներ կանցկացնեն փոքր տարիքի երեխաները։ Դրա շնորհիվ «Ուրարտուի» ֆուտբոլի դպրոցում պարապողների թիվը 1000-ից կհասնի 1500-ի։